20:43 09/03/2010 » Սպորտ

Միրչա Լուչեսկուն գովել է Հենրիխ Մխիթարյանին

Ուկրաինայի ազգային առաջնության հերթական տուրում Դոնեցկի «Շախտյորը» նվազագույն` 1:0 հաշվով պարտության է մատնել նույն քաղաքը ներկայացնող «Մետալուրգին», որի կազմում հանդես են գալիս նաև հայ ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանն ու Արտակ Դաշյանը: «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ընդգծել է, որ «Մետալուրգի» հետ խաղն այս անգամ շատ ծանր է ստացվել: Այդ հանդիպման ընթացքում կարմիր քարտ է ստացել «Շախտյորի» խաղացող Ադրիանոն: Միրչա Լուչեսկուն անդրադարձել է դոնեցկյան դերբիին, ինչպես նաև Ադրիանոյի վարքագծին:

«Մետալուրգի» հետ հանդիպումը բոլոր դերբիներից ամենադժվարն էր: Դա ևս մեկ անգամ ապացուցեց, որ այդ թիմն աճում է` վերածվելով ուկրաինական գրանդ ակումբի: Ուստի ուրախ եմ այն երեք միավորի համար, որը մեզ տրվեց դժվարին պայքարում: Մենք հաղթանակի համար պայքարում էինք, և դա տեսանելի էր:

Կարծում եմ` իմ թիմն արժանի էր այդ հաղթանակին: Ուզում եմ մեկ անգամ ևս նշել, որ «Մետալուրգը» բավական հզոր ակումբ է, ըստ իս` երրորդը` Ուկրաինայում: Մրցակցի կազմում կառանձնացնեի Մխիթարյանին: Այն ժամանակահատվածում, ինչ նա հանդես է գալիս Ուկրաինայի առաջնությունում, իրեն պարզապես հիանալի է դրսևորում:

Ինչ վերաբերում է Ադրիանոյին, ապա ես քննադատում եմ նրա արարքը: Մենք դեռ կպարզենք մանրամասները: Ոչ մի ներում չի լինելու նույնիսկ այն դեպքում, եթե խաղի ժամանակ սադրանք է եղել: Նա իրավունք չուներ պատասխանել նման ձևով: Հիմա պետք է պարզել, թե ով կկարողանա փոխարինել Ադրիանոյին: Մրցաշարային աղյուսակում տեղը չենք կորցնի ինչ-որ մի ֆուտբոլիստի բացակայության պատճառով»,- Լուչեսկուի խոսքերը մեջբերել է ակումբի պաշտոնական կայքը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց