20:48 09/03/2010 » Սպորտ

Հայաստանը կանանց մրցումներում ներկայացված չի լինի

Մարտի 10-13-ն ընկած ժամանակահատվածում Չեխիայում տեղի կունենա բռնցքամարտի «Գրան Պրի Ուստի-նադ-Լաբ» միջազգային ավանդական մրցաշարը, որին կմասնակցեն նաև հայ բռնցքամարտիկները: Հայաստանի պատվիրակությունը մրցավայր է մեկնել 6 մարզիկներով: Խոսքն Ազատ Հովհաննիսյանի (57 կգ քաշային կարգ), Արա Պուլուզյանի (60 կգ), Հրաչիկ Ջավախյանի (64 կգ), Արմեն Եփրեմյանի (69 կգ), Անդրանիկ Հակոբյանի (75 կգ) և Ցոլակ Անանիկյանի (91 կգ) մասին է:

Այս մրցաշարի ընթացքում ասպարեզ դուրս կգան նաև կին բռնցքամարտիկները: Ինչպես մեր թղթակցին տեղեկացրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը, մարզաձևի հայաստանյան գերատեսչությունը նպատակահարմար է համարել կանանց մրցումներում ոչ մեկի չհայտավորել` հաշվի առնելով, որ Հայաստանում կանանց առաջնությունն այս տարի տեղի է ունեցել առաջին անգամ` երեք քաշային կարգում, որոնցից յուրաքանչյուրում ընդամենը 2 մարզուհի է հայտավորված եղել: Դա նշանակում է, որ նրանք այս պահին չեն կարող պատրաստ լինել` նման մրցաշարին մասնակցելու համար: Լյովա Հովհաննիսյանը շեշտեց, որ այս անգամ իրենք խուսափել են կանանց գործուղել Չեխիա` նրանց հնարավոր լուրջ վնասվածքներից զերծ պահելու համար: Սակայն լոնդոնյան ամառային Օլիմպիական խաղերում ներկայացուցիչներ ունենալու համար մեր կին բռնցքամարտիկները պետք է միջազգային ասպարեզ մտնեն: Ըստ Լյովա Հովհաննիսյանի` այժմ ֆեդերացիան աշխատում է կանանց բռնցքամարտի զարգացման ծրագրի մշակման ուղղությամբ և ակտիվորեն կփնտրի հնարավորություններ` նման մրցաշարերից դուրս չմնալու համար:

Ավելացնենք, որ չեխական մրցաշարին կմասնակցեն 23 երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Ավստրիայի, Բելառուսի, Հունգարիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ղազախստանի, Իտալիայի, Իսպանիայի, Լիտվայի, Լատվիայի, Մարոկկոյի, Սլովակիայի, Սլովենիայի, Շվեդիայի, Թունիսի, Թուրքիայի, Ռուսաստանի և Չեխիայի ներկայացուցիչները:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց