Դարչինյան. «Եթե Հերրերոյին թերագնահատեի, կարող էի պարտվել»

13:03 09/03/2010 » Սպորտ

Դարչինյան. «Եթե Հերրերոյին թերագնահատեի, կարող էի պարտվել»

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ թեթևքաշային կարգում WBC-ի և WBA-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը fightnews.com-ի թղթակցին տված հարցազրույցում մեկնաբանել է Ռոդրիգո Հերրերոյի նկատմամբ տոնած հաղթանակը:

«Հերրերոն լավ բռնցքամարտիկ է: Նա դիմացավ իմ բոլոր հարվածներին: Այդպիսի հարվածներից հետո նույնիսկ շարունակում էր մենամարտել: Եթե ես ջանասիրաբար չմարզվեի և թերագնահատեի Հերրերոյին, ապա այս մարտն ինձ համար չափազանց ծանր կլիներ: Հնարավոր է, որ նույնիսկ պարտվեի»,- ասել է Վիկ Դարչինյանը:

Ավելացնենք, որ, համաձայն մենամարտի վիճակագրության, հայ բռնցքամարտիկը 2,5 անգամ գերազանցել է չեմպիոնական կոչման հավակնորդին: Նրա 619 հարվածներից 227-ը հասել են նպատակակետին, մինչդեռ Հերրերոյի կատարած 540 փորձից հաջողությամբ է ավարտվել միայն 88-ը:

Այժմ 34-ամյա Վիկ Դարչինյանը ցանկանում է մենամարտել ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ, ում 2007 թ. պարտվել է նոկաուտով: Ի դեպ, այդ մենամարտը ժամանակին «The Ring» ամսագրի կողմից ճանաչվել է տարվա գլխավոր իրադարձություն, իսկ նրա ավարտը` տարվա նոկաուտ: Այս երկու հիանալի մարտիկների միջև հնարավոր ռևանշ-մրցամարտի մասին նրանց առաջին մենամարտից հետո գրեթե միշտ են խոսում: Գլխավոր խոչընդոտը Գերի Շոուն էր, ով այդ ժամանակ և Վիկ Դարչինյանի, և Նոնիտո Դոների պրոմոուտերն էր: Նոնիտոն, սակայն, խզեց Շոուի հետ պայմանագիրը և անցավ ներկայիս ամենակարող պրոմոուտեր Բոբ Արումի թևի տակ:

Ֆիլիպինցուց նեղացած Շոուն կտրականապես դեմ էր, որպեսզի ռևանշի մենամարտը կազմակերպվի: Սակայն այնուհետև Դարչինյանին հաջողվեց համոզել Շոուին, և փետրվարի սկզբին նա Նոնիտո Դոների թիմին պաշտոնական առաջարկ ներկայացրեց: Ֆիլիպինցին կարծես տվել է իր համաձայնությունը, սակայն մինչ այդ նա ցանկանում է մենամարտել Խորխե Արսեի հետ, որին Դարչինյանն արդեն հաղթել է անցած տարվա փետրվարին: Իսկ Վիկի հետ Դոները, իբր, ցանկանում է մենամարտել ամռանը:

Այս իրավիճակում Դարչինյանը, բնականաբար, պետք է հանդես գար Արսեի հետ Դոների մենամարտի դեմ: Նա դա արեց` առաջարկելով անհապաղ բանակցություններ սկսել իր ներկայացուցիչների հետ: Եվ ահա այժմ` Հերրերոյի նկատմամբ տարած հաղթանակից հետո, Դարչինյանը հերթական անգամ Դոներին վախկոտ է անվանել և մեղադրել նրան մենամարտի կազմակերպման գործընթացը ձգձգելու մեջ: Հայ բռնցքամարտիկը միաժամանակ սպառնում է, որ կտեղափոխվի այլ քաշային կարգ և կմենամարտի կարգով ավելի բարձր բռնցքամարտիկների հետ:

Թե ինչ ընթացք կունենա այս երկար պատմությունը, ոչ ոք չի կարող հստակ ասել: Սակայն բռնցքամարտի սիրահարների համար Դարչինյան-Դոներ ռևանշ-մենամարտը կդառնա այս տարվա ամենացանկալի իրադարձություններից մեկը: Իսկ մարզիկների համար այն ոչ միայն մարզական խոշոր միջոցառում է, այլև այնպիսի մի մենամարտ, որը լուրջ գումարներ է խոստանում:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց