Բարձրագույն խմբի բոլոր ակումբներին արտոնագրեր շնորհվեցին

16:28 10/03/2010 » Սպորտ

Բարձրագույն խմբի բոլոր ակումբներին արտոնագրեր շնորհվեցին

Այսօր ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) նիստը, որի գումարման նպատակն էր որոշել, թե հայկական որ ակումբները կստանան «ազգային» արտոնագրեր, որոնք իրավունք են տալիս մասնակցել ՀՀ բարձրագույն խմբի առաջնությանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ մամուլի քարտուղարությունից, նիստը վարում էր արտոնագրման կոմիտեի նախագահ Արմեն Ղամբարյանը: Նիստին ներկա էին կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մանուկյանը, անդամներ Խաչիկ Դանիելյանը և Հակոբ Համբարձումյանը: ՀՖՖ Արտոնագրման բաժինը ներկայացնում էին ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետի տեղակալ Արթուր Ազարյանը, ԶԼՄ-ների հետ կապերի գծով պատասխանատու Տիգրան Իսրայելյանը և բաժնի փորձագետները: Նրանք էլ կոմիտեի անդամների քննությանը ներկայացրեցին ակումբների գործերը:

2009-2010 թթ. դեկտեմբեր-փետրվար ժամանակահատվածում ակումբները ՀՖՖ արտոնագրման բաժին են ներկայացրել այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի ուղեցույցի ոչ-ֆինանսական չափանիշներին (այն է` մարզական, կադրային-վարչական, իրավական և ենթակառուցվածքային): Դրանց հիման վրա արտոնագրման բաժնի փորձագետների կողմից անցկացվեցին անհրաժեշտ ստուգումներ: Այնուհետև կազմվեց հաշվետվություն արտոնագրման կոմիտեի համար:

Հենվելով այդ հաշվետվությունների վրա` արտոնագրման կոմիտեն կայացրեց որոշում, ըստ որի արտոնագրեր շնորհվեցին բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող բոլոր 8 թիմերի մայր-ակումբներին` «Փյունիկին», «Միկային», «Ուլիսին», «Բանանցին», «Գանձասարին», «Շիրակին» և «Կիլիկիային» և «Էրեբունի-Դիլիջանին»: Սա նշանակում է, որ վերը նշված ակումբների 1-ին թիմերը կկարողանան մասնակցել Հայաստանի 2010 թ. բարձրագույն խմբի առաջնությանը:

Այնուամենայնիվ, «արտոնագրային» գործընթացն այսքանով չի ավարտվում: Մինչև ս.թ. ապրիլի 5-ը ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին մասնակցելու հավակնություն ունեցող ակումբները պետք է ՀՖՖ արտոնագրման բաժին ներկայացնեն նաև իրենց ֆինանսական փաստաթղթերը, որոնց քննության արդյունքում որոշում կկայացվի, թե արդյոք նրանք կարո՞ղ են մասնակցել եվրոպական ակումբային մրցաշարերին:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց