20:04 03/09/2010 » Սպորտ

Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ

Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն Անդորրայի ընտրանու հետ այսօր կայանալիք խաղում միայն պատահականորեն կարող է միավորներ կորցնել: Ինչպես նշում է gazeta.ru-ն, այս կարծիքին է Բրյանսկի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Սերգեյ Օվչիննիկովը:
«Վախենալ կարելի է միայն այն բանից, որ մենք չենք կարողանա գոլ խփել, ինչը կարող է տեղի ունենալ սոսկ հանգամանքների անհաջող դասավարության դեպքում, օրինակ` եթե շատ լավ խաղ ցուցադրի Անդորրայի հավաքականի դարպասապահը: Այստեղ հնարավոր է միայն պատահականության տարրը»,- ասել է Օվչիննիկովը:
Նրա կարծիքով` «ֆուտբոլային գաճաճի» հետ խաղում ամենակարևորը կլինի արդյունքը, այլ ոչ թե բովանդակությունը:
«Հավանաբար, մեզ կբավարարի երեք միավորը: Այսպիսի թիմերի հետ հանդիպումներում սովորաբար ոչ ոք չի կարողանում վստահ խաղալ: Ամենագլխավորն անհատական սխալներ թույլ չտալն է, որը կարող է ազդել հանդիպման ելքի վրա և զրկել մեզ երկու միավորից,- շեշտել է մասնագետը:- Բայց ոչ մի անգամ դեռ չենք սայթաքել: Սա խաղ կլինի մեկ դարպասի ուղղությամբ: Եթե ստացվի գոլ խփել, լավ կլինի, չստացվի, ուրեմն վատ է»:
Ըստ Օվչիննիկովի` Ռուսաստանի ընտրանին իր խաղն Անդորրայում կկառուցի` ելնելով մրցակցի գործողություններից…

Անգլիական «Էվերտոնի» կիսապաշտպան Միկել Արտետան չի կարողանա հանդես գալ Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում: 28-ամյա իսպանացու թեկնածությունը քննարկվում էր անգլիական ընտրանու հավակնորդների ցանկում, սակայն ՖԻՖԱ-ն հաստատել է, որ Արտետան միջազգային մրցումներում չի կարող ներկայացնել Անգլիան, քանի որ ժամանակին խաղացել է Իսպանիայի պատանեկան հավաքականներում: Նա հանդես է եկել Եվրոպայի մինչև 16 տարեկանների և մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնություններում, որից հետո է միայն Անգլիայի քաղաքացիություն ստացել…

Դիեգո Արմանդո Մարադոնայի հրաժարականից հետո Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սերխիո Բատիստան վերջին մի քանի օրվա ընթացքում չի կարողացել հեռախոսային կապ հաստատել իր նախորդի հետ:
«Ես նրան տեխնիկական հարցերով չեմ զանգահարում` կապված հավաքականի հետ, ոչ էլ խորհուրդներ եմ ակնկալում, պարզապես ցանկանում եմ իմանալ, թե ինչպես են Մարադոնայի գործերը,- ասել է Բատիստան «El Mundo»-ի թղթակցին:- Սակայն նա չի պատասխանում իմ զանգերին: Ես Մարադոնայի կամ որևէ այլ արգենտինացի մարզչի հետ խնդիր չունեմ: Ցանկանում եմ հանդիպել բոլոր ակումբների մարզիչների հետ, որպեսզի իմանամ նրանց կարծիքը հավաքականի մասին: Իսկ Մարադոնային պրոֆեսիոնալ պատճառներով չէ, որ զանգահարել եմ: Աշխատանքային հարցերը մենք ավելի ուշ կքննարկենք: Ուղղակի մարդկայնորեն ուզում էի տեղեկանալ, թե ինչպես են նրա գործերը»:

Թուրինի «Յուվենթուսը» հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կմասնակցեն Եվրոպայի լիգային: Հայտացուցակում ընդգրկված չէ Ջանլուիջի Բուֆոնը. 32-ամյա դարպասապահը դեռ չի ապաքինվել վնասվածքից, որն ստացել է աշխարհի 2010 թ. առաջնության ընթացքում: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ալբերտո Ակվիլանին և Ֆաբիո Կվալյարելան չեն հայտնվել այդ ցուցակում, քանի որ իրենց նախկին թիմերի կազմերում արդեն մասնակցել են եվրոպական ակումբային մրցաշարին: Մյուս երկու նորեկները` Արմանդ Տրաորեն և Լեանդրո Ռինաուդոն, կկարողանան «Յուվենթուսի» կազմում մասնակցել Եվրոպայի լիգային…

Իտալական «Ռոման» հրապարակել է այն տվյալները, թե թիմի ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը որքան աշխատավարձ է ստանալու նոր մրցաշրջանում: Ինչպես հաղորդում է romaforever.it-ը, Ֆրանչեսկո Տոտտին` ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, ում պայմանագրի ժամկետն ակումբի հետ կավարտվի 2014 թ., կստանա 8,6 մլն եվրո: Դանիելե դե Ռոսսիի աշխատավարձը կկազմի 8,1, իսկ Ադրիանոյինը և Ֆիլիպ Մեքսեսինը` 5-ական մլն` գումարած պարգևավճարները: Գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին կվաստակի 3,7 մլն եվրո:

Ֆուտբոլային հայտնի գործակալ Վլադիմիր Աբրամովը Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի մեկնարկի նախօրեին կանխագուշակել է, թե արդյոք Ռուսաստանի ընտրանուն կհաջողվի՞ եզրափակչի ուղեգիր նվաճել:
«Այսպիսի խմբից թիմին կարող էր դուրս բերել նաև միջին կարգի ռուս մարզիչը: Այլ հարց է, որ Սլովենիայի ընտրանու հետ խաղերում ձախողվելուց հետո ինքներս մեզ այնպես ենք վախեցրել, որ նույնիսկ Անդորրայի հավաքականից ենք վախենում: Կարծում եմ` խմբում այնպիսի ուժեղ թիմ չկա, որից արժե վախենալ: Մենք 100 տոկոսով կարող ենք եզրափակչի ուղեգիր նվաճել` խմբում գրավելով առաջին տեղը»,- նրա խոսքերը մեջբերել է «Սովետսկի սպորտը»:

Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջովաննի Տրապատոնին վստահ է, որ Ռոբբի Քինն ազգային թիմի հանդիպումներում կկարողանա ցուցադրել իր իսկական խաղամակարդակը: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:
Հարձակվողը «Տոտենհեմում» բավարար չափով խաղային ժամանակ չի ունեցել, սակայն կարող է հնարավորություն ստանալ, քանի որ Պիտեր Կրաուչը թիկունքի վնասվածք ունի: Նշենք, որ Իռլանդիայի հավաքականը Հայաստանի ազգային թիմի մրցակիցն է Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլում և այսօր մեր ընտրանու հետ պետք է մրցակցի Երևանի «Հանրապետական» մարզադաշտում…

Գերմանական «Համբուրգի» հարձակվող Ռուուդ վան Նիստելռոյն ուրախ է, որ կրկին հրավիրվել է Հոլանդիայի ազգային հավաքական` մասնակցելու Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Սան Մարինոյի և Ֆինլանդիայի ընտրանիների հետ կայանալիք հանդիպումներին: Այս մասին հայտնում է goal.com-ը:
«Կարծում եմ` Հոլանդիայի հավաքականին կարող էի օգնել Հարավաֆրիկյան Հանրապետությունում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում, չնայած այն ժամանակ դեռ լավագույն մարզավիճակում չէի: Այժմ մոտենում եմ դրան: Ես հարգում եմ վան Մարվեյկի որոշումը և ուրախ եմ, որ ինձ վերադարձրեց հավաքական: Հնարավոր է`Սան Մարինոյի ու Ֆինլանդիայի ազգային թիմերի հետ հանդիպումներում չխաղամ, սակայն մոտակա խաղերի ընթացքում կապացուցեմ, որ արժանի եմ` հանդես գալու իմ երկրի գլխավոր թիմում»,- հայտարարել է վան Նիստելռոյը:

Կատալոնյան «Բարսելոնի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը նշել է, որ արգենտինացի Մասկերանոյի հայտնվելը թիմում ամենևին էլ չի հիասթափեցրել իրեն: Բանն այն է, որ նշված ֆուտբոլիստները խաղում են նույն դիրքում:
«Բարսելոնը» մի ընտանիք է, և բոլոր ֆուտբոլիստները պայքարում են ակումբի հետաքրքրությունների համար: Մասկերանոյի հետ միասին կարող ենք խաղալ: Շատ հաճելի է, որ հիմա նման թիմակից ունեմ»,- Բուսկետսի խոսքերը մեջբերել է իսպանական AS-ը:

Անգլիական «Արսենալը» տրանսֆերային պատուհանի վերջին օրը փորձել է ձեռք բերել ֆրանսիական «Լիոնի» դարպասապահ Ուգո Լյորիսի տրանսֆերը: Ինչպես տեղեկացնում է «Tribalfootball»-ը, լոնդոնցիները Ֆրանսիայի հավաքականի դարպասապահի համար առաջարկել են 16 մլն եվրո, սակայն երկրի առաջնության մեկնարկի նախօրեին «Լիոնը» հրաժարվել է քննարկել Լյորիսի տրանսֆերի վաճառքի հնարավորությունը…

Ուկրաինական մամուլը շարունակում է խոսել ակումբների կողմից իրականացված տրանսֆերային գործարքների մասին: Ընդ որում` գնահատականներ են տրվում ինչպես ֆուտբոլիստների որակի, այնպես էլ վճարված գումարների չափերի վերաբերյալ: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Շախտյոր» իր թանկարժեքությամբ 5-րդն է և, այդպիսով, նաև ամենահնչեղ գործարքներից մեկը: Առաջին տեղում Դմիտրի Չիգրինսկու տեղափոխությունն է կատալոնյան «Բարսելոնից» (20 մլն դոլար): «Կոլոնի» ֆուտբոլիստ Բերտոլյոյի և բրազիլական «Սանթոսի» խաղացող Անդրեի համար Կիևի «Դինամոն» վճարել է 10,9-ական մլն դոլար: Էդուարդո դա Սիլվան Լոնդոնի «Արսենալից» «Շախտյոր» է տեղափոխվել 10,2 մլն դոլարով: Իսկ Հենրիխ Մխիթարյանի համար դոնեցկյան գերակումբը վճարել է 7,5 մլն դոլար…

Սոչիում ավարտվել է թենիսի «Futures F6» միջազգային մրցաշարը: Ռուսաստանի, Իսպանիայի, Բելառուսի, Մոլդովայի, Իտալիայի, Հայաստանի, Ֆրանսիայի և Ուզբեկստանի թենիսիստների մասնակցությամբ կայացած մրցաշարում, որի մրցանակային հիմնադրամը կազմում էր 10 հազար ԱՄՆ դոլար, հաղթող ճանաչվեց ռուս Ռումյանցևը: Նա վճռորոշ խաղում 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց իր հայրենակից Լոբկովին: Զուգախաղում հայ թենիսիստ Երվանդ Գասպարյանը (Սոչի) Ուզբեկստանի ներկայացուցիչ Վադիմ Կուցենկոյի հետ միասին պարտության մատնեց Սերգեյ Կրոտյուկ-Ալեքսանդր Լոբկով զույգին:

Դոնեցկի «Մետալուրգի» մարզական տնօրեն Վարդան Իսրայելյանը «Սպորտ Էքսպրեսի» թղթակցի հետ զրույցում, խոսելով միջմրցաշրջանային հատվածում ակումբի վարած ակտիվ տրանսֆերային քաղաքականության մասին, անդրադարձել է նաև Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության խնդրին:
«Կարճ ժամանակահատվածում Մխիթարյանը մեզ համար շատ կարևոր ֆուտբոլիստ դարձավ,- ասել է նա:- Նման խաղացողին կորցնելը շատ ցավալի է: Բայց նաև հպարտության զգացում ունենք, որ այդպիսի մակարդակի ակումբ է տեղափոխվել: Կարծում եմ` պետք է հպարտանա նաև հայկական ակումբը, որը դաստիարակել է այդ ֆուտբոլիստին: Եթե նա խաղա շատ ավելի բարձրակարգ ակումբում, քան «Շախտյորն» է, մենք միայն ուրախ կլինենք: Հենրիխի համար սա առաջընթաց է, և նրա տեղափոխությանը խանգարելը ճիշտ չէր լինի»:

Իսպանական «Բարսելոնի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարող է նոր պայմանագիր ստորագրել կատալոնյան ակումբի հետ: Ամռանը 39-ամյա մասնագետը պատրաստ էր իր ստորագրությունը դնել նոր փաստաթղթի տակ, որով աշխատանքն ակումբում կերկարաձգեր ևս մեկ տարով, սակայն հիմա, հավանաբար, պատրաստ է համաձայնագիր կնքել ավելի երկար ժամանակով:
«Հնարավոր է` շուտով Գվարդիոլան նոր պայմանագիր կստորագրի,- «Բարսելոնի» փոխնախագահ Խոսեպ Մարի Բարտոմեուի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը:- Մենք ցանկանում ենք նրան ևս մի քանի տարի տեսնել թիմում: Ակումբը շատ գոհ է Գվարդիոլայի աշխատանքից»…
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց