20:19 07/09/2010 » Սպորտ

Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ

Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը հույս ունի, որ մոտ ժամանակներս իր թիմը հնարավորություն կունենա ընկերական խաղում հանդիպել բրազիլացիների հետ: Այս մասին հայտնում է sports.yahoo.com-ը:
«Թիմը, որի հետ երբեք չեմ խաղացել, բայց շատ կուզեի մրցակցել, Բրազիլիայի հավաքականն է: Եվ միայն ես չէ, որ նման հանդիպում եմ երազում: Հավաքականի խաղընկերներիցս շատերը նույնպես հույս ունեն, որ բրազիլացիների հետ խաղը կկայանա: Վերջին անգամ իսպանացիներն ու բրազիլացիները, եթե չեմ սխալվում, առերես խաղում հանդիպել են 12 տարի առաջ»,- ասել է Կասիլյասը…

Լուիս Արագոնեսը, ով 2008 թ. Իսպանիայի հավաքականի հետ միասին նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, կարող է գլխավորել Պորտուգալիայի ընտրանին: Պորտուգալացիների ներկայիս գլխավոր մարզիչ Կառլուշ Կեյրուշը որակազրկված է 6 ամսով` հակադոպինգային ծառայությունների աշխատանքը խոչընդոտելու պատճառով: Որոշ տեղեկությունների համաձայն` երկրի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն նոր մարզչի է փնտրում…

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, որը երեկ մեկնարկել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, Իսպանիայի ներկայացուցիչ Ալբերտ Հախնազարյան Բաղումյանը մինչև 60 կգ քաշային կարգի մեկնարկային գոտեմարտում պարտվեց ճապոնացի Ռյուտարո Մացումոտոյին և դուրս մնաց պայքարից: Ի դեպ, Ալբերտն ու Վահան Ջուհարյանը կարող էին հանդիպել քառորդ եզրափակչում, եթե հաղթահարեին նախնական փուլի արգելքը: Երկուսն էլ, սակայն, անհաջողության մատնվեցին:

Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն Արգենտինայի ընտրանու հետ կայանալիք ստուգողական հանդիպման նախօրեին իր ֆուտբոլիստներին կոչ է արել չենթարկվել աստղային հիվանդությանը: Հիշեցնենք, որ իսպանացիները վստահ են մեկնարկել Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլում` 4:0 հաշվով պարտության մատնելով Լիխտենշտեյնի ազգային թիմին…

Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Սթիվեն Ջերարդը Շվեյցարիայի ազգային թիմի հետ «Եվրո-2012»-ի ընտրական փուլի հանդիպումից առաջ շեշտել է, որ Ռունին անհրաժեշտ է թիմին: «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողի մասնակցությունը խաղին հարցականի տակ է նրա անձնական կյանքում առաջացած խնդիրների պատճառով: Այսօր, սակայն, գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն հաստատել է, որ Ռունին կմտնի խաղադաշտ…

Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Տոշակը մոտ օրերս կարող է հեռանալ իր պաշտոնից: Մասնագետը նման որոշում է կայացրել Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Չեռնոգորիայի ընտրանու հետ առաջին խաղում 0:1 հաշվով կրած պարտությունից հետո:
61-ամյա մասնագետը ենթադրում է, որ այդ պաշտոնում իրեն պետք է փոխարինի «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ռայան Գիգզը: Այս մասին հայտնում է «The Daily Mail»-ը…

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան պատրաստվում է իր 50-ամյակը նշել Նեապոլում` կազմակերպելով ֆուտբոլային տոնական խաղ: Այս մասին տեղեկացնում է AFP-ն: Ըստ Մարադոնայի` հանդիպմանը, որը պետք է կայանա հոկտեմբերի 30-ին` հոբելյարի ծննդյան օրը, կմասնակցեն «Նապոլիում» իր բոլոր խաղընկերները: Հիշեցնենք, որ այդ թիմում Մարադոնան փառավոր 7 տարի է անցկացրել:
Մարադոնայի թիմակիցներից շատերը ոգևորությամբ են ընդունել նրա առաջարկը: Օրինակ` արդեն համաձայնվել են խաղալ իտալացի Ջորդանոն և բրազիլացի Կարեկան, ովքեր «Նապոլիում» Մարադոնայի հետ մասին կազմում էին հանրահայտ «Մա-Ջի-Կա» եռյակը…
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց