20:28 09/09/2010 » Սպորտ

Հենրիխ Մխիթարյան. «Պորտուգալերենի իմացությունն ինձ պետք կգա»

Այսօր Դոնեցկի «Շախտյորը» պաշտոնապես ներկայացրել է թիմի նորեկ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն նախ հանդիսավոր մթնոլորտում հայ ֆուտբոլիստին է հանձնել 22 համարի մարզաշապիկը: Իսկ այն բանից հետո, երբ ֆոտոլրագրողներն ավարտել են իրենց գործը, Հենրիխը պատասխանել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

- Հենրիխ, դու ընտրել ես մարզաշապիկ` երջանիկ 22 համարով: Նույն համարի մարզաշապիկով խաղացել ես նաև «Փյունիկում» և Դոնեցկի «Մետալուրգում»: Իսկ եթե «Շախտյորում» այդ համարն զբաղված լիներ, պահեստային տարբերակ կա՞ր:
- Չէ, այլ տարբերակի մասին չէի մտածել, բայց, բնականաբար, մեկ այլ համար կընտրեի: Տեղափոխության ժամանակ հարցրեցի, թե որ համարով կարող եմ խաղալ: Ինձ պատասխանեցին, որ 22 համարի մարզաշապիկն ազատ է, և ես կարող եմ ընտրել այն:
- Հիմնական կազմում տեղի համար պայքարում ո՞վ է հիմնական մրցակիցդ:
- Բոլորը գիտեն, որ իմ մրցակիցը Ժադսոնն է: Այն, որ նրա հետ եմ մրցակցելու, օգտակար կլինի ոչ միայն թիմի, այլ նաև ինձ համար: Մրցակցությունն այնպիսի լավ ֆուտբոլիստի հետ, ինչպիսին Ժադսոնն է, շատ կարևոր է:
- Ֆիզիկապես և հոգեբանորեն պատրա՞ստ ես «Օբոլոնի» հետ հանդիպմանը:
- Կարծում եմ` այո:
- Դու արագ դարձար «Մետալուրգի» առաջատարը: Որքա՞ն ժամանակ հետո կարող ես այդ դերին հավակնել «Շախտյորում»:
- Ամեն ինչ կախված կլինի ինձանից, այն բանից, թե ինչպես կաշխատեմ մարզումների ընթացքում: Առաջին` ես պետք է դեռ դառնամ հիմնական կազմի ֆուտբոլիստ, որպեսզի հետո փորձեմ դառնալ թիմի առաջատարը:
- Հայտնի է, որ մի քիչ տիրապետում ես պորտուգալերենին: Դու այն «Մետալուրգո՞ւմ» ես սովորել:
- «Մետալուրգում» օգտագործել եմ այդ լեզուն: Այնտեղ պորտուգալացիներ կային, և նրանց հետ պորտուգալերենով էի խոսում:
- Միմյանց լա՞վ էիք հասկանում:
- Իհարկե:
- Իսկ հիմա ո՞ւմ հետ ես ավելի հաճախ շփվում:
- Թիմակիցներիս հետ դեռ չեմ հասցրել նորմալ շփվել, սակայն կարծում եմ, որ բրազիլացիների հետ զրուցելու համար լեզվի իմացությունն ինձ պետք կգա:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց