20:38 09/09/2010 » Սպորտ

Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մանու Մենեզեսը ենթադրում է, որ «Կորինտիանսի» հարձակվող Ռոնալդոն ի վիճակի է կրկին ամենաբարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել:
«Ի հեճուկս բոլոր կանխատեսումների, Ռոնալդոն կրկին կարող է խաղալ ամենաբարձր մակարդակով: Նա մեկ անգամ չէ դա ապացուցել և նորից կարող է ապացուցել: Հնարավոր է` իր կարիերայում հիմա վերջին հնարավորությունն ունի` խաղալու այնպես, ինչպես մարդիկ պատկերացնում են»,- Մենեզեսի խոսքերը մեջբերել է SI-ն:

Սլովակիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը «Սպորտ Էքսպրեսի» թղթակցի հետ զրույցում գնահատել է այն փաստը, որ իր թիմը մեկնարկային երկու խաղում առավելագույն արդյունք է ապահովել, ինչպես նաև անդրադարձել է Հայաստանի հավաքականի հետ հոկտեմբերի 8-ին Երևանում կայանալիք հանդիպմանը:
«… Եթե խոսենք մեր խմբում առաջացած իրավիճակի մասին, ապա պետք է ասեմ, որ ողջ պայքարը դեռ առջևում է: Անակնկալներ անպայման կլինեն: Անձամբ ես կարծում եմ, որ Երևանում մեզ ծանրագույն խաղ է սպասվում: Իսկ Ռուսաստանn արտագնա հանդիպումներում պետք է մրցակցի Իռլանդիայի և Մակեդոնիայի ազգային հավաքականների հետ»,- ասել է Վայսը:

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը պատրաստել է ներդրումային ծրագիր, որի իրացումը հնարավորություն կտա մարզադաշտերը համապատասխանեցնել մրցաշարերի կազմակերպման նոր կանոնակարգի պահանջներին: Հիշեցնենք, որ, սկսած 2011 թ., Ռուսաստանի առաջնությունը կկազմակերպվի «աշուն-գարուն» համակարգով: Ընդհանուր առմամբ` մարզադաշտերի շինարարության համար կծախսվի 717340000 ռուբլի (23,8 մլն դոլար)…

Իտալական «Միլանի» կիսապաշտպան Կլարենս Զեեդորֆը ձմեռային տրանսֆերային պատուհանի շրջանում կարող է հեռանալ թիմից: Այս մասին հայտնում է «FootballPress»-ը: Կլարենսի համար շատ դժվար կլինի հայտնվել թիմի մեկնարկային կազմում, քանի որ ամռանը «Միլան» են տեղափոխվել բրազիլացի Ռոբինյոն և շվեդ Զլատան Իբրահիմովիչը:
Նշենք, որ ներկա պահին արդեն մի քանի ակումբներ են հետաքրքրվում հոլանդացու ծառայություններով: Նրանց թվում, սակայն, եվրոպական ակումբներ չկան…

Իտալական «Ինտերը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կակայի ծառայություններով: Ինչպես հաղորդում է «Corriere dello Sport»-ը, միլանյան ակումբի նախագահ Մասիմո Մորատտին մեծ ցավով է ընդունել այն փաստը, որ իր թիմի նախկին խաղացող Զլատան Իբրահիմովիչը տեղափոխվել է «Միլան», ուստի որոշել է, որպես պատասխան, հրավիրել «Միլանի» նախկին ֆուտբոլիստին…

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կառլոս Տևեսը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կարող է ավարտել ելույթներն Արգենտինայի ազգային հավաքականում:
«Ես հոգնել եմ, 26 տարեկան եմ, արդեն ծեր եմ,- ասել է Տևեսը «Sky Sports»-ի թղթակցին:- Չգիտեմ` արդյոք կկարողանա՞մ խաղալ աշխարհի 2014 թ. առաջնությունում»…
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց