Պողոս Պողոսյան. «Առաջատար ծանրորդները չեն մասնակցի Հայաստանի առաջնությանը…»

20:20 06/02/2012 » Սպորտ

Պողոս Պողոսյան. «Առաջատար ծանրորդները չեն մասնակցի Հայաստանի առաջնությանը…»

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը մարզվում է հագեցած գրաֆիկով: Ծաղկաձորյան առաջին ուսումնամարզական հավաքին վաղվանից կհաջորդի երկրորդը, այս անգամ` Աբովյան քաղաքում: Առաջիկա մրցաշարերը շատ կարևոր են` Եվրոպայի առաջնություն և, բնականաբար, Օլիմպիական խաղեր:

Մեր հավաքականի տղաների մարզավիճակի և առաջիկա պլանների մասին Panorama.am-ի թղթակիցը զրուցեց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի մարզիչ Պողոս Պողոսյանի հետ:

- Օրացույցային պլանը մենք արդեն կազմել ենք: Մարզվում ենք խիստ հագեցած գրաֆիկով,- նշեց Պողոս Պողոսյանը:- Առաջին ուսումնամարզական հավաքն արդեն ավարտվել է, վաղվանից կսկսենք երկրորդը, որը տեղի կունենա Աբովյանում, մինչև փետրվարի 20-ը: Այնուհետև տեղի կունենա Հայաստանի ծանրամարտի առաջնությունը, որի ընթացքում ի հայտ կգան հավաքականի հիմնական կազմի անդամները: Այսինքն` ով ավելի լավ արդյունք ցույց կտա, ով ավելի բարձր կիլոգրամներ կբարձրացնի, ով ավելի հաջող հանդես կգա և լավ մարզավիճակում կլինի, նա էլ կընդգրկվի հավաքականի կազմում:

- Հայաստանի ծանրամարտի առաջնությունում մեր անվանի ծանրորդները հանդես կգա՞ն:
- Այս անգամ` ոչ: Մեր առաջատար ծանրորդների մեծ մասը` Տիգրան Գ. Մարտիրոսյանը, Արա Խաչատրյանը, Ռուբեն Ալեքսանյանն ու Առաքել Միրզոյանն ազատված են այդ մրցաշարից: Նրանց իրավունք է տրվել բաց թողնել այս առաջնությունը, որպեսզի կարողանան հանգստանալ, վերջնականապես ձերբազատվել վնասվածքներից, քանի որ առջևում մեզ համար անչափ կարևոր 2 մրցաշարեր են:

- Խոսքը Եվրոպայի առաջնության և Օլիմպիադայի մասի՞ն է:
- Բնականաբար: Անչափ կարևոր և պատասխանատու 2 մրցաշար: Եվրոպայի առաջնությունը, ինչպես գիտեք, կայանալու է ապրիլի 6-16-ը, Թուրքիայի Անթալիա քաղաքում: Պատասխանատվությունը մեծ է, պետք է հնարավորինս լավ հանդես գանք, որին կհետևի Օլիմպիադան: Այստեղ ևս պատվով հանդես գալը մեր հիմնական խնդիրն է: Ոչ մի ջանք չենք խնայի` լավագույնս դրսևորվելու համար:

- Պարոն Պողոսյան, առաջատարների խմբում Դուք չնշեցիք Գևորգ Դավթյանի և Տիգրան Վ. Մարտիրոսյանի անունները: Նրանք նույնպե՞ս մարզվում են հավաքականի հետ:
- Ոչ, Գևորգ Դավթյանն ու Տիգրան Վ. Մարտիրոսյանը չեն մարզվում հավաքականի կազմում: Նրանք վնասվածքներ ունեին և պետք է բուժվեին: Գևորգը, մասնավորապես, պատրաստվում էր այդ նպատակով մեկնել Գերմանիա: Երևի թե չստացվեց: Նրանցից ոչ մի տեղեկություն չունեմ: Պետք է գային և միանային հավաքականին, սակայն մինչ այժմ չեն եկել: Ուստի ես նրանց մասին ոչ մի տեղեկություն չեմ կարող հաղորդել Ձեզ:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց