Կասիլյաս. «Մենք մի մեծ քայլ առաջ ենք կատարել, որպեսզի հավասարվենք «Բարսելոնին»

19:12 02/08/2012 » Սպորտ

Կասիլյաս. «Մենք մի մեծ քայլ առաջ ենք կատարել, որպեսզի հավասարվենք «Բարսելոնին»

Մադրիդի «Ռեալի» ավագ Իկեր Կասիլյասը իսպանական AS-ին տված հարցազրույցում խոսել է նոր մրցաշրջանի, Մոուրինյոյի, Մոդրիչի, «Բարսելոնի» և մի շարք այլ հարցերի շուրջ:

- Ի՞նչ խնդիր է դրված նոր մրցաշրջանում թիմի առջև:
- Խնդիրները ոչնչով չեն տարբերվում նախորդ տարիներից: Հուսով ենք, կկարողանանք մեկ քայլ առաջ կատարել: Մենք կրկին ուզում ենք հաղթել Իսպանիայի առաջնությունում, նվաճել Սուպերգավաթը, և, ի վերջո, հաջողոթյան հասնել Չեմպիոնների լիգայի հեղինակավոր մրցաշարում:

- Ի՞նչ ես մտածում Լուկա Մոդրիչի տեղափոխության մասին:
- Ես նրան լավ եմ ճանաչում: «Տոտենհեմում» նա կարողացավ հասունանալ և վերածվել բարձրակարգ ֆուտբոլիստի: Եթե գլխավոր մարզիչը կարծում է, որ նա պետք է մեզ, ապա վստահ եմ, որ դա ճիշտ որոշում է: Մենք չէ, որ պետք է քննարկենք այդ հարցը: Ակումբի ղեկավարությունը թող որոշի, ինչն է ճիշտ, ինչը սխալ և ինչը կարող է թիմին առավել զորեղ դարձնել:

- Շատերը կարծում են, որ աշխարհի լավագույն թիմը շարունակում է մնալ «Բարսելոնը», թեև նախորդ մրցաշրջանում Իսպանիայի չեմպիոն հռչակվեցիք հենց Դուք:
-Մարդիկ տարբեր ճաշակներ ունեն: Ամեն մեկն ունի իր կարծիքը, ես ևս չեմ կասկածում, թե ներկա պահին որն է աշխարհի լավագույն ակումբը: Մենք մի մեծ քայլ առաջ ենք կատարել, որպեսզի կարողանանք հավասարվել «Բարսելոնին», որը 3 հոյակապ մրցաշրջան էր անցկացրել: Նախորդ մրցաշրջանում մենք իսկապես դժվարին հաղթանակ տոնեցինք առաջնությունում, իսկ թե որ թիմն է առավել հզոր, դա արդեն, կրկնում եմ, կախված է մարդկանց ճաշակից:

- Ի՞նչ կասես Կակայի մասին:
-Մենք Կակային հասկացրել ենք, որ նա մեր թիմի մի մասնիկն է: Իհարկե, նա չի կարող իրեն լավ զգալ, քանի որ շատ քիչ ժամանակ է անցկացնում խաղադաշտում: Ներկա պահին նա մեր խաղընկերն է և շարունաում է մեզ հետ մարզվել: Նա այն ֆուտբոլիստներից մեկն է, ով կարող է օրինակ ծառայել մյուսներին:

- Շա՞տ բան է փոխվել այն պահից, երբ թիմը գլխավորեց Մոուրինյոն:
-Չեմ կարծում, որ Մոուրինյոն ինչ-որ բանով տարբերվում է մյուսներից, թեև այն մարդը, ում Դուք տեսնում եք հեռուստացույցով և ում հետ ծանոթ ենք մենք` լիովին տարբեր են: Նա հիանալի անձնավորություն է, ում հաջողվեց կարգուկանոն հաստատել թիմում: Մոուրինյոն մեզ հավատ ներշնչեց, հանեց այն վախը, որը գալիս էր հաղթանակների պակասից: Բացի այդ, նա ունի կոնկրետ նպատակներ և նախագծեր և աշխատում է դրանց իրականացման վրա: Նա այստեղ զգում է իրեն, ինչպես իր տանը:

- Թիմը զգո՞ւմ է կենտրոնական պաշտպանի կարիք:
-Դա ես չեմ որոշում: Ինձ թվում է, մեր թիմի պաշտպանությունը գտնվում է լավ ձեռքերում` ի դեմս Ալբիոլի, Պեպեի, Արբելոայի, Ռամոսի և Վարանի: Լասը ևս շատ դեպքերում կարող է օգնել պաշտպաններին: Ռամոսը հիանալի մրցաշրջան է անցկացրել: Ես ուրախ եմ նրա համար, քանի որ նախկինում շատերը համարում էին, որ նա այս դիրքում չի կարողանա հաստատվել:

-Դարպասապահն արժանի՞ է ստանալ «Ոսկե գնդակը»:
-Դա առանձնապես նշանակություն չունի, կարևորն այն է, որ թեկնածուների թվում կան նաև դարպասապահներ, իսկ դա նշանակում է, որ դու ամեն ինչ ճիշտ ես անում: Մարդիկ հասկանում են, որ դարպասապահները ևս թիմի մի մասնիկն են: Մի անգամ այդ մասին ինձ ասել են Վիկտոր Վալդեսն ու Պեպե Ռեյնան: Ինձ դուր չի գալիս այն միտքը, որ ֆուտբոլ խաղում են միայն ոտքերով: Սա թիմային մարզաձև է, յուրաքանչյուրը կատարում է իր դերը: Պարզապես մարդիկ միշտ հիշում են այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Ռոնալդուն և Մեսսին:

-Հավաքականում ինչպե՞ս է լուծվում «Ռեալ»-«Բարսելոն» խնդիրը:
-Կարևոր չէ, թե ինչպես: Կարևորն այն է, որ ակումբային խնդիրները տղաները կարողանում են մի կողմ թողնել: Մենք ամեն ինչ անում ենք, որ դա հավաքականի վրա որևէ ազդեցություն չունենա: Եթե դա մեզ չհաջողվեր, ապա երկրպագուները կմեղադրեին Խավիին, Պույոլին և մյուսներին: Փառք Աստծո, նման բան տեղի չունեցավ, իսկ դրա վառ ապացույցը հաղթանակն էր Եվրոպայի առաջնությունում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց