Բեռնար Շալանդ. «Ես ավելի լավ պատկերացում կազմեցի հավաքականի թեկնածուների մասին»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդն օրերս մեկնել է Ռուսաստան՝ հետևելու այդ երկրի տարբեր թիմերում հանդես եկող Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների թեկնածու ֆուտբոլիստների խաղին: Բեռնար Շալանդը, ով արդեն վերադարձել է Հայաստան, ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում խոսել է իր տպավորությունների մասին:
«Ռուսաստան մեկնելու նպատակը բոլոր հնարավոր թեկնածուների խաղին տեղում հետևելն էր, որովհետև մի բան է, երբ դիտում ես խաղերի տեսագրությունները, մեկ այլ բան, երբ հետևում ես ֆուտբոլիստին խաղադաշտում: Դիտեցի Ռուսաստանի առաջնության մի շարք հանդիպումներ, տեսա բոլոր այն ֆուտբոլիստների խաղը, ովքեր ինձ հետաքրքրում էին, կարճ առանձնազրույցներ ունեցա նրանցից մի քանիսի հետ: Ինձ համար դա շատ կարևոր էր, քանի որ կարողացա ավելի լավ պատկերացում կազմել հավաքականների թեկնածուների մասին: Սա շարունակական աշխատանք է, մենք մշտապես հետևելու ենք բոլոր թեկնածուներին, նրանց պահելու ենք մեր ուշադրության կենտրոնում, որպեսզի կարողանանք ապագայում հնարավորինս ճիշտ ընտրություն կատարել: Բոլոր թեկնածուներից Հայաստանի ազգային հավաքականում հանդես կգան նրանք, ովքեր տվյալ պահին կլինեն լավագույն մարզավիճակում, կունենան խաղային պրակտիկա, կկարողանան դրսևորել իրենց լավագույն որակները: Իսկ այսօր դրա մասին խոսելը դեռ վաղ է»,- նշել է Շալանդը: