Յուրի Վարդանյանն ընդունեց ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության մեդալակիր մարզիկներին և նրանց մարզիչներին
Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանն ընդունեց և պարգևատրեց օրերս Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում կայացած Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների առաջնությունում մեդալներ նվաճած մարզիկներին, նրանց մարզիչներին և Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահին: Մինչ պաշտոնական արարողությունը Յուրի Վարդանյանը շնորհավորեց նրանց՝ իր գոհունակությունը հայտնելով մարզիկների գրանցած հաջողությունների առթիվ:
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանն անդրադարձավ մարզիկների ելույթներին և պատրաստվածությանը, իսկ կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն էլ նշեց, որ մարզուհիները, տարբեր պատճառներով երկար ժամանակ մրցահարթակում չլինելով հանդերձ, գոհացուցիչ արդյունքներ գրանցեցին: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Միջոցառման ավարտին մարզիկներն ու մարզիչներն արժանացան տարբեր խրախուսանքների: Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Պողոս Պողոսյանն արժանացավ ՀՀ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի» կոչմանը և պարգևատրվեց համանուն կրծքանշանով, իսկ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրով:
Մարզական հաջողությունների համար ծանրամարտիկներ, արծաթե մեդալակիրներ Ռուբեն Ալեքսանյանը և Վանիկ Ավետիսյանը պարգևատրվեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրերով:
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սմբատ Մարգարյանին հանձնվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պատվոգիր:
Ամփոփելով այսօրվա հանդիպումը` Յուրի Վարդանյանը հույս հայտնեց, որ աշնանը մեր ծանրորդները Ալմաթիում կայանալիք աշխարհի առաջնությունում գերազանց հանդես կգան, և այսօր չպարգևատրված մարզիկներն անպայման կպարգևատրվեն աշնանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ