«Մանչեսթեր Յունայթեդը» հովանավորչական նոր պայմանագիր կստորագրի
Նման գործարքի անխուսափելիության մասին է խոսում «Կարմիր սատանաների» ակցիաների արժեքի բարձրացումը, որն ակնհայտորեն հակասում է մարզական արդյունքներին:
Ըստ «The Telegraph»-ի` մանկունիանցիներն արդեն բանակցություններ են վարել այժմյան հովանավորի` «Nike» ընկերության, ինչպես նաև մարզական հանդերձանքի այնպիսի արտադրողների հետ, ինչպիսին են «Adidas»-ը, «Puma»-ն և «Warrior»-ը: Նպատակը մեկն էր` պահպանել հովանավորչական գործարքի համաշխարհային ռեկորդը:
Հաղորդվում է, որ ամերիկյան ընկերության հետ գործող պայմանագրի ժամկետը կլրանա 2015 թ., իսկ երկարաձգմանը միտված բանակցությունները շարունակվել են 12 ամիս: Արդյունքները, սակայն, դեռ չեն հրապարակվում:
Սպասվում է, որ մոտ ժամանակներս «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես կհայտարարի 600 մլն ֆունտ ստեռլինգ արժողության պայմանագրի ստորագրման մասին:
Ի դեպ, Նյու Յորքի ֆոնդային բորսայում «Մանչեսթեր Յունայթեդի» ակցիաների արժեքը բարձրացել է 8 տոկոսով: Այժմ անգլիական ակումբի մեկ ակցիայի արժեքը կազմում է 17,65 դոլար: