Բենզեմայի գոլը հաղթանակ պարգևեց «Ռեալին» (Տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ հյուրընկալեց Մյունխենի «Բավարիային»: Մինչ այս խաղը եվրոպական գրանդ ակումբները միմյանց հետ ուժերը չափել էին 20 անգամ: Հանդիպումներից միայն երկուսն էր ավարտվել ոչ ոքի հաշվով, մյուս մրցավեճերից 7-ում հաղթանակ էր տոնել «Արքայական ակումբը», 11-ում` «Բավարիան»:
Առաջին խաղակեսում հյուրերն ավելի շատ էին տիրում գնդակին, սակայն վտանգավոր պահերը շատ չէին Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասի մոտ: Իսկ ահա «Ռեալի» հակագրոհները վտանգավոր էին, որոնցից մեկն էլ ավարտվեց դարպասի գրավմամբ: Քրիշտիանու Ռոնալդու-Ֆաբիո Կոենտրաու-Կարիմ Բենզեմա եռաքայլ կոմբինացիան իր ավարտին հասցրեց ֆրանսիացի հարձակվողը: Ինչպես խաղի ընթացքը ցույց տվեց, սա հանդիպման միակ ու հաղթական գոլն էր:
Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին: «Ռեալը» Մյունխեն կմեկնի նվազագույն առավելությամբ: