Երիտասարդ բռնցքամարտիկները հավաք են անցկացնում Ծաղկաձորում
Վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը այսօր` հուլիսի 22-ին ուսումնամարզական հավաքի կմեկնի Ծաղկաձոր:
Թիմի կազմում կլինի նաև Եվրոպայի պատանեկան առաջնությունների կրկնակի մրցանակակիր, աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, Նանջինգի պատանեկան ամառային երկրորդ օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Նարեկ Մանասյանը (81 կգ): Նրա անձնական մարզիչ վաստակաշատ Արշավիր Գրիգորյանն իր սանի մասին խոսել է ՀԱՕԿ-ի լրատվության բաժնի թղթակցի հետ զրույցում:
«Նարեկը չափազանց համեստ, աշխատասեր տղա է: Ապրում է Աբովյան քաղաքում և Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոնի սան է,- նշել է մարզիչը:- Ունի անհրաժեշտ մրցափորձ և բազմաոճ բռնցքամարտիկ է: Նարեկը ֆիզիկապես ուժեղ և դիմացկուն տղա է, տիրապետում է հուժկու հարվածների: Հավասարապես ուժեղ են երկու ձեռքով կատարած հարվածները: Թիմը Ծաղկաձոր է մեկնում մարզիկների ընդհանուր ֆիզպատրաստականությունը և բարոյահոգեբանական հատկանիշներն ավելի զարգացնելու նպատակով»: