«Մանչեսթեր Սիթի». 52 մլն` Ագուերոյի համար
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն անցած մրցաշրջանում իր լուման ներդրեց թիմի չեմպիոնության մեջ` անցկացրած 23 խաղում խփելով 17 գոլ: Ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետը կլրանա 2017 թ., սակայն «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը ցանկանում է ստիպել ֆուտբոլիստին` երկար տարիներ մոռանալու կարիերայի շարունակման այլ տարբերակների մասին:
Ըստ «Daily Mail»-ի տարածած տեղեկատվության` Անգլիայի չեմպիոնի ղեկավարությունը հարձակվողին պայմանագիր կառաջարկի մինչև 2019 թ. ժամկետով, որի ընթացքում Սերխիոն կկարողանա վաստակել 52 մլն ֆունտ ստեռլինգ: Ներկա պահին Ագուերոյի շաբաթական աշխատավարձը կազմում է 200 հազար ֆունտ ստեռլինգ:
Մանչեսթերում ուշադիր հետևում են նաև «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի շուրջ ծավալվող իրադարձություններին: Մեկ տարի առաջ 22-ամյա իսպանացին հրաժարվեց «Սիթի» տեղափոխվել հանուն մադրիդյան թիմի, սակայն Ռոդրիգեսի` «Արքայական ակումբ» տեղափոխությունը կարող է վերջնականապես փակել Իսկոյի հեռանկարներն այդ թիմում: «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին Իսկոյի հետ աշխատել է «Մալագայում», ուստի հավատում է, որ կիսապաշտպանը կրկին կցանկանա լինել իր սանն ու ավելի շատ խաղային ժամանակ ստանալ: