Հակոբ Մկրտչյանը նախապատրաստվում է Նանջինգի խաղերին
Նանջինգի օլիմպիական պատանեկան խաղերի ծրագրով ծանրամարտի մրցաշարում տղաները հանդես կգան վեց քաշային կարգում: Գյումրեցի Հակոբ Մկրտչյանը (77 կգ) նպատակ ունի լավ մարզավիճակով ներկայանալ մրցավայր: Հույս կա, որ նա տեղ կգտնի մրցանակային եռյակում: Այս տարի Լեհաստանի Ցեխանով քաղաքում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում Գյումրիի օլիմպիական քոլեջի սանը երկամարտի 290 կգ (130+160) արդյունքով գրավեց երրորդ տեղը: Ի դեպ, սա 17-ամյա մարզիկի արձանագրած լավագույն արդյունքն է եղել: Դրանից հետո մարզումներում նա բազմիցս կրկնել, նույնիսկ բարելավել է այդ ցուցանիշը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Հակոբ Մկրտչյանի անձնական մարզիչ Արմեն Մկրտչյանն ամեն ջանք գործադրում է օժանդակ միջոցներով, մարզոցների օգնությամբ հղկել իր սանի` պոկում վարժության կատարման տեխնիկան: Իսկ պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Վիգեն Խաչատրյանն ասում է, որ նանջինգյան խաղերի երկու ուղեգիրը ձեռք է բերվել 2013 թ., Տաշքենդում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում, երբ թիմը գրավեց ութերորդ տեղը: Մարզիչը գովաբանում է Հակոբի կամային բարձր որակները, մարտական, աննահանջ ոգին:
Լավատեսության հիմք է և այն, որ մեր մարզիկը լավ է ճանաչում իր ապագա մրցակիցներին, գիտի նրանց հնարավորությունները, ուժեղ և թույլ կողմերը: Մեդալների համար պայքարին տոն կտան նաև Ռուսաստանի, Կոլումբիայի, Բուլղարիայի և Թուրքիայի ներկայացուցիչները: Այս հանգամանքը ոգևորում է Հակոբ Մկրտչյանին, քանզի նրա համար պատիվ է դժվարին պայքարում բարձրացնել ծանր կիլոգրամներ ու դառնալ մեդալակիր: