«Արարատն» ավարտեց վրաստանյան հավաքը
«Արարատն» ավարտեց Թբիլիսիում անցկացրած ուսումնամարզական հավաքը և վերադառնում է Երևան: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հուլիսի 23-ին թիմը երկրորդ կազմով մրցեց «Գագրայի» հետ և պարտվեց 2:6 հաշվով: «Արարատի» կազմում աչքի ընկան Արայիկ Մկրտչյանը և Ռոման Հովհաննիսյանը:
Նշենք, որ այս խաղում թիմի գլխավոր մարզիչ Դուշան Միյիչը հանգստանալու հնարավորություն տվեց թիմի առաջատարներին. հանդիպմանը չմասնակցեցին Ալեքսանդր Ռակիչը և Զավեն Բուլուտը, Գորիկ Խաչատրյանը փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում, թեթև վնասվածքների պատճառով չխաղացին Ռոբին դի Լաուրոն և Ալեքսանդր Զելենովը:
Հիշեցնենք, որ առաջին երկու ստուգողական խաղերում «Արարատը» միևնույն` 1:2 հաշվով պարտվել էր «Սպարտակ» և «Սիոնի» թիմերին:
«Արարատը» Ձորաղբյուրի մարզաբազայում կշարունակի նախապատրաստվել օգոստոսի 3-ին կայանալիք «Ալաշկերտի» հետ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության առաջին տուրի հանդիպմանը: