Վերջին ստուգողական խաղը՝ առաջնության մեկնարկից առաջ
Կապանի «Գանձասարը» վերջին ստուգողական հանդիպումն է անցկացրել ՀՀ առաջնության մեկնարկից առաջ: Սերգեյ Պուչկովի սաները Կապանում մրցել են «Գանձասար-2»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է 5-1 հաշվով: Բոլոր գոլերը գրանցվել են երկրորդ խաղակեսում:
«Գանձասարից» գոլերի դուբլի հեղինակ է դարձել Հայրապետ Ավագյանը, մեկական անգամ աչքի են ընկել Հայաստանի երիտասարդական հավաքական հրավիրված Ալեն Համբարձումյանը, Ալեքսանդր Գոլուբևն ու Սերգեյ Թումասյանը: «Գանձասար-2»-ի կազմում միակ գոլը խփել է Մհեր Հարությունյանը:
Ակումբի պաշտոնական կայքը նաև տեղեկացնում է, որ կապանյան թիմի ղեկավարությունը պայմանագիր է ստորագրել ռուսական «ԲՄԱ-Ռոստովի» կիսապաշտպան Սերգեյ Թումասյանի, ուկրաինական «Ստալի» կիսապաշտպան Արտեմ Պրոշենկոյի հետ: «Գանձասարի» հետ պայմանագրերը երկարաձգել են թիմի պաշտպաններ Արմեն Տատինցյանը և Ալեքսանդր Պետրոսյանը: