Կառլո Անչելոտտի. «Ռոնալդուն, հնարավոր է, կմասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղին»
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին, մեկնաբանելով «Ռոմայից» «International Champions Cup-2014» մրցաշարում 0:1 հաշվով կրած պարտությունը, ասել է, որ հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հնարավորություններ ունի` մասնակցելու «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաջորդ հանդիպմանը:
«Մենք ձգտում էինք: Թիմը վատ չէր դիտվում. վերահսկում էինք գնդակը և մոտ մեկ ժամ արժանի խաղ էինք ցուցադրում, սակայն չիրացրեցինք մեր պահերը: Ամեն ինչ լավ էր, բացի արդյունքից:
Վնասվածքների հետ կապված խնդիրներ չունենք, և դա ամենագլխավորն է: 4 օր առաջ մեզ միացած ֆուտբոլիստները լավ խաղացին: Ներկա պահին նրանք փորձում են լավ մարզավիճակ ձեռք բերել, և ամեն ինչ հրաշալի է ընթանում:
Հիմա վերականգնվելու համար ավելի շատ ժամանակ կունենանք: «Ռեալը» երբեք չի կարող բավարարվել պարտությամբ, ես, որպես մարզիչ, նույնպես, բայց հիմա ավելի շատ ժամանակ կունենանք` նախապատրաստվելու Սուպերգավաթի խաղին:
Պետք է նշեմ, որ դեռ շատ խաղացողներ չեն վերադարձել: Ինչ-որ մեկը կվերադառնա օգոստոսի 1-ին, մյուսը` 5-ին: Բայց դա չի նշանակում, որ նրանք, ովքեր թիմին կմիանան օգոստոսի 5-ին, չեն մասնակցի Սուպերգավաթի խաղին:
Քրիշտիանուն այսօր երկու մարզում անցկացրեց: Նա նորմալ է աշխատում: Մոտ ժամանակներս կտեսնենք` արդյոք պատրա՞ստ է` վերադառնալու ընդհանուր խումբ: Հնարավոր է, որ մի քանի րոպե անցկացնի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում»,- ասել է Անչելոտտին:
Ավելացնենք, որ «Ռեալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը «International Champions Cup-2014» մրցաշարի շրջանակներում կկայանա օգոստոսի 2-ին: