Հետաքրքրության աճ` մեթոդաբանության փոփոխության միջոցով
Այսօր՝ օգոստոսի 20-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում կայացել է նախարար Գաբրիել Ղազարյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված պաշտոնավարման 100 օրվա ավարտին:
Գաբրիել Ղազարյանը ներկայացրել է նախորդ 3 ամսվա ընթացքում կատարված ծրագրերի ու աշխատանքների, այցելությունների և հանդիպումների վերաբերյալ ամփոփ հաշվետվություն, ինչպես նաև տեղեկացրել նախարարության կողմից իրականացվելիք հեռանկարային ծրագրերը, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ սպորտի, ֆիզիկական դաստիարականության և առողջ ապրելակերպի մասսայականացման քարոզչությունն ակտիվացնելու համար:
Երևանի Ազատության հրապարակում անցկացվելու են մարզաձևերի ցուցադրական մրցումներ: Նախարարի խոսքերով՝ այս միջոցառումը սկսվելու է մայրաքաղաքում և տարածվելու է ՀՀ մարզերում:
Հաջորդ ծրագիրը, որին անդրադարձել է նախարարը, վերաբերում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ հանրակրթական դպրոցներում «Ֆիզիկական դաստիարակություն» առարկայի դասավանդման մոտեցումներին և մեթոդաբանության փոփոխությանը, ինչը հնարավորություն կտա մեծացնել հետաքրքրությունն այդ առարկայի նկատմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Գաբրիել Ղազարյանը տեղեկացրել է, որ նախարարության ենթակայությամբ գործող մարզադպրոցներում ստեղծվելու են խորհուրդներ, որոնց առկայությունն այդ մարզադպրոցներում աշխատանքների կազմակերպումն առավել արդյունավետ և համակարգված կդարձնի, իսկ նախարարությունում աշխատանքներ են տարվում ֆիզկուլտուրային-առողջարարական համալիրի ստեղծման (նախկին՝ «ՊԱՊ» համալիր) ուղղությամբ:
Հանրությանն իրազեկելու նպատակով հանդիպման ավարտին զանգվածային լրատվության միջոցներին տրամադրվեց մանրամասն տեղեկատվություն՝ հաշվետու ժամանակահատվածում կատարված, ինչպես նաև կատարվելիք ծրագրերի և աշխատանքների մասին: