Վացկե. «Ռոյսի համար գումարներն առաջին տեղում չեն»
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն շեշտել է, որ ակումբի ղեկավարությունը դեռ չգիտի` կկարողանա՞ պահպանել կիսապաշտպան Մարկո Ռոյսին, ում պայմանագրի ժամկետը կլրանա 2015 թ.: Նա նաև նշել է, որ ֆինանսական հարցը ֆուտբոլիստի համար առաջնային չէ:
«Հասկանալու համար, թե արդյոք կկարողանա՞նք պահպանել նրան, անհրաժեշտ է մի փոքր սպասել,- Վացկեի խոսքերը մեջբերել է «Der Westen»-ը:- Բայց ես լավ եմ ճանաչում նրան և կարող եմ ասել, որ գումարները նրա համար առաջին տեղում չեն: Բանակցություններում առաջնային կլինի այն հարցը, թե «Բորուսիան» որքան ամբիցիոզ կլինի: Վերջին ժամանակներս մարդիկ չափազանց շատ են խոսում մրցանակների մասին: Սակայն Ռոյսն ակումբի լեգենդ դառնալու իրական հնարավորություն ունի»: