Նախարարության ոսկե մեդալը՝ նորանկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոնին
Նախարար Գաբրիել Ղազարյանն ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում բացառիկ ծառայությունների համար նախարարության ոսկե մեդալով պարգևատրել է օլիմպիական կրկնակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, սպորտի վաստակավոր վարպետ, ՖԻԼԱ-ի փառքի սրահի անդամ Արմեն Նազարյանին: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նախարար Ղազարյանն իր խոսքում նշել է, որ չնայած նախարարության ոսկե մեդալը մի փոքր ժամանակային ուշացումով է հանձնվում օլիմպիական չեմպիոնին, կարևորն այն լուրջ վերաբերմունքն ու ուշադրությունն է, որով պետությունն արժեվորում է օլիմպիական կրկնակի չեմպիոնի ավանդը հայկական սպորտում:
Արմեն Նազարյանն իր կողմից շնորհակալություն հայտնեց ուշադրության համար և նշեց, որ այս մեդալով նախարարն իրեն է փոխանցում հայ ժողովրդի սերն ու գնահատականը իր մարզական ձեռքբերումների համար: Նա նաև վստահեցրեց, որ փորձն ու ընդունակությունները սիրով կփոխանցի երիտասարդ մարզիկներին, միաժամանակ շնորհավորեց պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերի մեդալակիրներին` հույս հայտնելով, որ «Ռիո-2016»-ում հայ մարզիկները նույնպես օլիմպիական մեդալներ կնվաճեն: