Պատանի օլիմպիականները հայրենիք կվերադառնան 7 մեդալով
Չինաստանի Նանջինգ քաղաքում անցկացված ամառային պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերում հայ ազատ ոճի ըմբիշները նվաճեցին երկու բրոնզե մեդալ:
54 կգ քաշային կարգում Վաղինակ Մաթևոսյանը (անձնական մարզիչ՝ Արտուշա Մինասյան, Գյումրու քաղաքապետարանի «Ազատ ոճի ըմբշամարտի մարզադպրոց» ՀՈԱԿ) խմբային փուլում տոնեց 3 հաղթանակ և ունեցավ 1 պարտություն: Բրոնզե մեդալի համար պայքարում մեր ըմբիշը միավորների բացահայտ առավելությամբ հաղթեց յեմենցի մարզիկին և նվաճեց բրոնզե մեդալ: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
76 կգ քաշային կարգում Սարգիս Հովսեփյանը (անձնական մարզիչ՝ Ավետիք Վարդանյան, «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության մենապայքարային մարզաձևերի մարզադպրոց (Երևան), «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ-ի սովորող) խմբային փուլում տոնեց 2 հաղթանակ և կրեց 1 պարտություն: Բրոնզե մեդալի համար պայքարում հայ ըմբիշը միավորների բացահայտ առավելությամբ հաղթեց կոլումբիացի մարզիկին:
Այսպիսով` այս օլիմպիական խաղերում 9 մրցաձև ներկայացնող Հայաստանի հավաքականի 14 մասնակիցներից 7-ը 5 մրցաձևում նվաճել են 7 մեդալ՝ 2 ոսկե (ծանրամարտ), 2 արծաթե (գնդակային հրաձգություն և հունահռոմեական ոճի ըմբշամարտ) և 3 բրոնզե (1 բռնցքամարտ և 2 ազատ ոճի ըմբշամարտ):
Հիշեցնենք, որ մեր պատանի օլիմպիականները հայրենիք են վերադառնալու 2014 թ. օգոստոսի 30-ին, ժամը 14.00-ին: Նրանց դիմավորելու համար ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի տրամադրած ավտոբուսները Հանրապետության Հրապարակից շարժվելու են ժամը 13:00-ին: