Արթուր Աբրահամ. «Վերջին մենամարտից մարզիչս ավելի գոհ էր, քան ես» (տեսանյութ)
Այսօր Երևանում կազմակերպված մամուլի ասուլիսում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ. WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հայտարարեց, որ դեռ չի մտածում կարիերան ավարտելու մասին:
«Դեռ չեմ մտածում կարիերան ավարտելու մասին, չնայած հասկանալի է, որ երկար չեմ կարող շարունակել ելույթներս պրոֆեսիոնալ ռինգում: Մարզչիս շատ եմ հարգում, որովհետև նա է դասավորել իմ ողջ կարիերան,- նշեց Աբրահամը:
«Գիտեք, որ բոլոր մենամարտերից հետո գալիս եմ Հայաստան, որպեսզի հանգստանամ: Կապված վերջին մենամարտի հետ` պետք է ասեմ, որ մրցակիցս շատ ուժեղ էր և տիրապետում էր ծանր հարվածների, բայց ես կարողացա հաղթել: Մարզչիս հետ միասին լավ մարտավարություն էինք ընտրել և չթույլատրեցին, որպեսզի նա հարվածները տեղ հասցնի: Նրան պահում էի հեռավորության վրա և միավորներով հաղթեցի: Առանձնապես լուրջ խնդիրներ չեղան. Ինչպես պլանավորել էինք, մարտն այնպես էլ վարեցինք: Ես գոհ եմ, բայց, իհարկե, կարող էր և ավելի լավ լինել: Բռնցքամարտում, բոլորս էլ սխալներ ենք գործում, բայց հետո աշխատում ենք դրանք չկրկնել: Ուլի Վեգները գոհ էր, կարելի է ասել` ավելի գոհ, քան ես: Նա սիրում է այդ մարտավարությունը, իսկ ես` ոչ այնքան: Ես սիրում եմ հարվածել ու նոկաուտի ենթարկել: Ի դեպ, կուզեի Սմիթի հետ կրկին մենամարտել, բայց մեր մենեջերները դեռ պետք է այդ հարցով զբաղվեն: Կապված մարզադպրոցի հետ` ասեմ, որ հատակագիծն արդեն կա: Բայց եթե ես մի բան ուզում եմ անել, ուզում եմ գործի գլխին կանգնած լինել: Մենք արդեն հողատարածքը վերցրել ենք, որոշակի դիզայներական աշխատանքներ ենք կատարել, բայց մարզադպրոցը կառուցելու համար ես պետք է ղեկավարեմ աշխատանքները, որպեսզի իմ սրտով լինի: Հիմա ուղղակի ժամանակ չունեմ` զբաղվելու նաև շինարարական աշխատանքներով: Ուստի որոշել եմ, որ ավելի հարմար է շինարարությամբ զբաղվել կարիերան ավարտելուց հետո»:
Արթուր Աբրահամը, անդրադառնալով հայկական բռնցքամարտին, նշեց, որ այն միշտ էլ բարձր մակարդակի վրա է եղել, և ինքը հույս ունի, որ առաջիկա Օլիմպիական խաղերում, Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում հայ բռնցքամարտիկներն անպայման մեդալներ կնվաճեն: Բայց Աբրահամը նաև համոզված է, որ միայն ուժեղ լինելը բավարար չէ` Օլիմպիադայում հաղթանակ տոնելու համար: Կան նաև այլ գործոններ, որոնք նույնպես պետք է աշխատեն մարզիկի օգտին: Նույնը կարելի է ասել նաև ԱՄՆ-ում ընթացող պրոֆեսիոնալ բռնցքամարտի մարտերին, որոնցում նույնպես, ըստ Աբրահամի, մրցավարական խնդիրներ կան:
«Ամերիկացիներն էլ, այսպես ասենք, սուրբ չեն»,- ավելացրեց հայ մարզիկը:
Խոսելով Ռոբերտ Շտիգլից-Ֆելիքս Շտուրմ մենամարտի մասին` Արթուր Աբրահամը հայտարարեց, որ կհաղթի Շտիգլիցը: Ամեն դեպքում` նա պատրաստ է մենամարտել այս երկու մարզիկներից յուրաքանչյուրի հետ և վստահ է, որ գերմանացի երկրպագուներն սպասում են նման մենամարտի:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ