Դե Ռոսսի. «Այս արդյունքը խայտառակություն է»
«Ռոմայի» առաջատարներից մեկը՝ Դանիելե դե Ռոսսին, մեկնաբանել է «Բավարիայից» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում կրած ջախջախիչ պարտությունը:
«Արդյունքը զզվելի է: Այս երեկոյից պետք է դասեր քաղենք,- դե Ռոսսիի խոսքերը մեջբերել է «Sky Sport Italia»-ն:- Մենք և ողջ քաղաքը երկար էինք սպասել այս հանդիպմանը, իսկ արդյունքը խայտառակություն է: Այն, որ երկրպագուները խաղից հետո ծափահարեցին մեզ, սրտառուչ էր: Մրցաշրջանը երկարատև է, և մենք նրանց երախտահատույց կլինենք այսպիսի աջակցության համար:
Երբ պարտվում ես 1:7 հաշվով, խոսք չի կարող լինել միայն հոգեբանական խնդիրների մասին: Սակայն, չնայած արդյունքին, ես չեմ կարծում, որ մեր ու «Բավարիայի» միջև տարբերությունն այսքան մեծ է: Ակնհայտ է, որ «Բավարիան» ավելի լավն է, քան աշխարհի թիմերի 90 տոկոսը:
«Բավարիան» արագաշարժ թիմ է, բոլոր ֆուտբոլիստները տակտիկապես շնորհալի են: Այդ թիմը կարող է գնդակ պահել անընդմեջ 60-90 վայրկյան, և նրա դեմ խաղալը շատ դժվար է»: