Շմիդտ. «Բոլորը տեսան, որ «Բայերն» արժանի էր հաղթանակի»
Երեկ Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» առաջին պարտությունը կրեց Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում: Պիտերցիներն արտագնա խաղում 1:2 հաշվով զիջեցին «Բայերին»: Խաղից հետո գերմանական թիմի գլխավոր մարզիչ Ռոջեր Շմիդտը հայտարարել է, որ գոհ է արդյունքից, սակայն նաև իր թիմին կոչ է արել չթուլանալ:
«Շատ բարդ ու ինտենսիվ խաղ ստացվեց, բայց մենք հենց դա էլ սպասում էինք: Գիտեինք, որ «Զենիթը» բարձրակարգ թիմ է և իր կազմում անհատապես ուժեղ ֆուտբոլիստներ ունի: Որպես կանոն՝ ռուսները գործում են գնդակի վերահսկման միջոցով, և մենք հնարավոր ամեն բան արեցինք, որպեսզի վնասազերծենք մրցակցին: Դոնատին հրաշալի գոլ խփեց, իսկ երկրորդ գոլը թիմին հնարավորություն տվեց հանգստանալ: Չնայած կարմիր քարտին, շարունակում էինք պայքարել և հաղթեցինք: Կարծում եմ՝ բոլորը տեսան, որ մենք արժանի էինք հաղթանակի:
Խմբային փուլի առաջին շրջանն արդեն հետևում է մնացել, և մենք փլեյ-օֆֆ մտնելու հնարավորություններ ունենք: Երեք խաղից հետո առաջատարի դիրքը ոչինչ չի նշանակում, սակայն կօգնի, որպեսզի Սանկտ Պետերբուրգում ճնշում չզգանք: Մեզ պարզապես մնում է հաղթել երկու խաղում»,- ասել է Շմիդտը: