Էբոլա վիրուսի դեմ պայքարին միացել են նաև օլիմպիականները
Արևմտյան Աֆրիկայի Սիերա-Լեոնում և այդ շրջանի այլ երկրներում օլիմպիականների համաշխարհային միությունը (WOA) սկսել է Էբոլա վիրուսի դեմ պայքարի յուրատեսակ գործընթաց:
Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, նշված միության անդամ են ավելի քան 100 հազար մարզիկներ: Ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որը գլխավորում է հեղինակավոր բժիշկ, Սիերա-Լեոնի մարզական պատվիրակության կազմում երկու օլիմպիական խաղերի մասնակից Ֆրենսիս Լավ Էդվինը:
Մոլորակի ամենաարագ մարդը` ճամայկացի Ուսեին Բոլտը բարեգործական վաճառքի է դրել իր ստորագրությամբ մարզակոշիկները: Եկամուտը կհանձնվի էբոլայի վիրուսի դեմ պայքարի հիմնադրամին:
Գործընթացին միացել են նաև ԽՍՀՄ անվանի ձողացատկորդ, ուկրաինացի Սերգեյ Բուբկան, ամերիկացի ճանաչված արագավազորդ Կարլ Լյուիսը, ճապոնացի մրճանետորդ Կոդզի Մուրոֆուշին և փառաբանված այլ չեմպիոններ:
Ավելացնենք, որ արդեն էբոլայի զոհ է դարձել 4555 մարդ: