Էդուարդ Միքայելյան. «Առաջնությունը կանցնի համառ և դիտարժան պայքարում»
Նոյեմբերի 22-ին կմեկնարկի ՀՀ ֆուտզալի 2014-2015 թթ. առաջնությունը: ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում ՀՖՖ ֆուտզալի և կանանց ֆուտբոլի բաժանմունքի պետ Էդուարդ Միքայելյանը խոսել է առաջնության անցկացման հետ կապված մանրամասների մասին:
- Պրն Միքայելյան, պատմեք ՀՀ ֆուտզալի 2014-2015 թթ. առաջնության մրցակարգի մասին:
- Առաջնությունն անցկացվելու է շրջանաձև մրցակարգով և բաղկացած է լինելու 4 շրջանից: Այս տարի խաղալու ենք նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Առաջնությունը վերսկսվելու է փետրվարին և ավարտվելու է մայիսին: Այս անգամ առաջնությանը կմասնակցեն 6 թիմեր՝ «Երևան ԱյԹի», «Մռավ», «ՀՊՏՀ» «Հրազդան ֆզ» «Գյումրի» «Թալգրիգ»:
- Ինչո՞վ է պայմանավորված այն փաստը, որ նախորդ առաջնության համեմատությամբ այս տարի ավելի շատ թիմեր են մասնակցելու առաջնությանը:
- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, ՀՖՖ ֆուտզալի և կանանց բաժանմունքը, ՀՖՖ ֆուտզալի և կանանց կոմիտեն, Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչը մեծ աշխատանք են տարել այդ ուղղությամբ՝ խոսելով թիմերի ղեկավարների հետ, ներկայացնելով այն հեռանկարները, որ թիմերը կարող են ունենալ՝ մասնակցելով առաջնությանը:
- Խոսքը միայն ֆինանսակա՞ն կողմի մասին է:
- Ոչ միայն: Թիմերում կան ֆուտբոլիստներ, ովքեր աչքի ընկնելու դեպքում կարող են հրավիրվել հավաքական, քանի որ այն դեռ վերջնականորեն ձևավորված չէ: Բնականաբար, ֆինանսական կողմը նույնպես կարևոր է: Առաջնության մասնակցության անդամավճարն ընդամենը 110000 դրամ է յուրաքանչյուր թիմի համար, մինչդեռ առաջնության ավարտից հետո չեմպիոնը պարգևատրվելու է 6 միլիոն դրամով, երկրորդ տեղ զբաղեցրած թիմը՝ 2, իսկ երրորդ տեղ զբաղեցրած թիմը՝ 1 միլիոն դրամով:
- Ի՞նչ սպասելիքներ կան այս տարվա առաջնությունից:
- Իմ կարծիքով՝ այս տարվա առաջնությունը լինելու է ավելի դիտարժան և անցնելու է համառ պայքարում, որովհետև հավաքականի մի շարք անդամներ հիմա խաղալու են տարբեր թիմերում և ապահովելու են ուժեղ մրցակցություն: Բացի այդ, նոր թիմերից, մասնավորապես՝ ՀՊՏՀ-ն, որն առայժմ չունի հավաքականում խաղացող ֆուտբոլիստներ, արդեն ապացուցել է, որ մարտունակ թիմ է՝ մասնակցելով միջազգային մրցաշարի: Նրանք արդեն հիմա չեն թաքցնում, որ իրենց խնդիրը չեմպիոն դառնալն է: Թիմի գլխավոր մարզիչը Կարեն Միքայելյանն է, ով անցյալում ճանաչված ֆուտբոլիստ էր:
- Ի՞նչ կասեք մյուս թիմերի մասին:
- Առայժմ դժվար է ինչ-որ կոնկրետ բան ասել «Երևան ԱյԹի» և «Մռավ» թիմերի մասին, չնայած այդ թիմերի կազմերում նույնպես հավաքվել են խոստումնալից ֆուտբոլիստներ: Բնականաբար, Վանաձորի «Թալգրիգը», ինչպես միշտ, լինելու է չեմպիոնության հավակնորդներից մեկը: Ուրախալի է, որ Գյումրին և Հրազդանը նույնպես ունեն իրենց ներկայացուցիչները մեր առաջնությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում