Ըստ ՀԱՕԿ-ի՝ հայ մարզիկները պետք է մասնակցեն Բաքվում կայանալիք խաղերին
Նոյեմբերի 21-22-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը` ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ, Բաքվում մասնակցեց Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 43-րդ գլխավոր համաժողովին, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ հաջորդ տարի Բաքվում կայանալիք Եվրոպական մարզական առաջին խաղերի հետ կապված հարցեր:
Համաժողովի պատվիրակները բարձր են գնահատել ՀԱՕԿ-ի որոշումը` մասնակցելու Բաքվում կայացած գլխավոր համաժողովի աշխատանքներին: Նրանք շեշտել են, որ հայկական կողմի քայլը կարևոր ներդրում է խաղաղության հաստատման ու մարզաշխարհում համերաշխության կայացման գործում, ինչպես նաև մի նոր մակարդակի վրա է բարձրացրել օլիմպիական շարժման գաղափարը:
Բաքվում կայացած նիստի շրջանակներում ՀԱՕԿ-ի պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել աշխարհի տարբեր երկրների օլիմպիական կոմիտեների պատվիրակությունների հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
«Եվրոպական օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչների հետ կայացած առանձին հանդիպումների ժամանակ քննարկվել է Հայաստանի մասնակցության հարցը 2015 թ. կայանալիք Եվրոպական մարզական առաջին խաղերին: Հայկական կողմի բոլոր հարցադրումներին տրվել են բավարարող և սպառիչ պատասխաններ, իսկ Եվրոպական մարզական առաջին խաղերի կազմակերպիչ կողմը մեկ անգամ ևս շեշտել է, որ կապահովի հայկական պատվիրակության անվտանգությունը:
Եվրոպական օլիմպիական կոմիտեի 43-րդ համաժողովի ընթացքում նաև որոշում է կայացվել հոբելյանական 45-րդ համաժողովն անցկացնել Հայաստանի մայրաքաղաք Երևանում:
Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեն գտնում է, որ հայ մարզիկները պետք է մասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին մարզական խաղերին` մեկ անգամ ևս ապացուցելով, որ Հայաստանի մարզիկներն ամենուր կարող են բարձր պահել մեր երկրի պատիվն ու հեղինակությունը: Այսուհանդերձ, հաշվի առնելով հարցի նրբությունը և կարևորությունը՝ ՀԱՕԿ-ը վերջնական որոշում կկայացնի միայն մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո»,- նշված է հայտարարության մեջ: