Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչն ուզում է թիմ վերադարձնել Վիդիչին
Սերբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Ռադովան Չուրչիչը ցանկանում է, որ «Ինտերի» կենտրոնական պաշտպան Նեմանյա Վիդիչը վերսկսի ելույթներն ազգային թիմում: 2011 թ. Վիդիչը որոշեց ավարտել միջազգային կարիերան՝ կապված ԶԼՄ-ների քննադատության հետ: Ֆուտբոլիստին դուր չեկավ, որ լրագրողներն անընդհատ գրում էին, թե ինքը հավաքականում չի նվիրվում այնպես, ինչպես ակումբում:
«Վիդիչի որակավորումը կասկածի տակ չէ: Նա երկար տարիների ընթացքում միշտ ապացուցել է, որ Եվրոպայի լավագույն պաշտպաններից մեկն է,- Չուրչիչի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:- Ուզում ենք, որ նա հավաքական վերադառնա, և մինչև հաջորդ հանդիպումը դեռ ժամանակ ունենք: Մտադիր եմ իմ որոշումը քննարկել նաև մեր թիմի որոշ ֆուտբոլիստների հետ՝ նրանց վերաբերմունքը հասկանալու համար»: