Դեկու. «Քրիշտիանու Ռոնալդուն արժանի է «Ոսկե գնդակին»
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Բարսելոնի» նախկին կիսապաշտպան Դեկուն կարծում է, որ Քրիշտիանու Ռոնալդուն 2014 թ. արդյունքներով արժանի է «Ոսկե գնդակին»: Նա միևնույն ժամանակ նշել է, որ Լիոնել Մեսսին լավագույնն է, ում հետ բախտ է ունեցել խաղալ ակումբային մակարդակով:
«Քրիշտիանու Ռոնալդուն լավագույնն է, ում հետ խաղացել եմ հավաքականում, իսկ Մեսսին լավագույնն է, ում հետ բախտ եմ ունեցել խաղալ ակումբային մակարդակով,- Դեկուի խոսքերը մեջբերել է «A Bola»-ն:- Լիոնելը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է և դեռ կշարունակի պատմություն գրել: Սակայն 2014 թ. «Ոսկե գնդակին» Ռոնալդուն է արժանի: Նա ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում: Օգնել է «Ռեալին»՝ 10-րդ անգամ նվաճելու Չեմպիոնների լիգայի գավաթը: Նրան պարզապես անհնար է կանգնեցնել խաղադաշտում»: