Մարիամ Միքայելյանը Քուվեյթում բրոնզե մեդալ նվաճեց
Հունվարի 24-31-ն ընթանում է Քուվեյթի 4-րդ միջազգային գրան պրին, որին Հայաստանից մասնակցում են Մարիամ Միքայելյանը, Զավեն Իգիթյանն ու Նորայր Առաքելյանը: Թիմը ներկայացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը:
Այսօր` հունվարի 27-ին Մարիամ Միքայելյանը, ի թիվս 11 երկրի 16 մարզուհու, մասնակցել է 10 մ, 40 կրակոց երիտասարդ աղջիկների մրցույթին: Նա խոցել է 408,7 միավոր և գրավել 3-րդ տեղը: Մարիամը 2 տասնորդականով զիջել է 2-րդ տեղը գրաված Բոսնիա և Հերցոգովինայի ներկայացուցիչ Տատյանա Դեկանովիչին, ով խոցել է 408,9 միավոր: 1-ին տեղը գրավել է 411,5 միավոր խոցած ուզբեկ մարզուհի Մարգարիտա Օռլովան: 3-րդ տեղը գրաված մեր հայրենակցուհի Մարիամ Միքայելյանի անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Նորայր Առաքելյանն ու Զավեն Իգիթյանը հանդես կգան հունվարի 29-ին՝ օդամղիչ ատրճանակ ձևում: Հունվարի 28-31-ը Հայաստանի հավաքական թիմի երկրորդ կազմը՝ մարզիկներ Սուսաննա Հովհաննիսյանը, Լիա Սահակյանը, Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոսյանը, Էլմիրա Կարապետյանը և հիմնական կազմի ներկայացուցիչներ Քրիստիան ու Իրինա Լուերները կմասնակցեն մյունխենյան միջազգային մրցաշարին` Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ: