«Չիկագոն» հերքել է, որ հետաքրքրված է Յուրա Մովսիսյանի ծառայություններով
Ամերիկյան «Չիկագո Ֆայեր» ակումբը հերքել է ավելի վաղ հայտնված այն տեղեկատվությունը, որ հետաքրքրված է Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով: Թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Յալլոպի խոսքերով՝ ինքն առաջին անգամ է այդ մասին լսում, սակայն հայ հարձակվողին լավ խաղացող է համարում: Նշենք նաև, որ 27-ամյա Մովսիսյանի ծառայություններով ամերիկյան մեկ այլ ակումբ էլ է հետաքրքրված եղել, սակայն մերժում է ստացել: Այդ թիմի անունը հայտնի չէ:
«Առաջին անգամ եմ այդ մասին լսում,- Յալլոպի խոսքերը մեջբերել է mlsoccer.com-ը:- Մովսիսյանին գիտեմ «Ադիդասի» «Նախագիծ-40» ծրագրից: Այն ժամանակ նա մեզ հետ էր: Մովսիսյանը լավ ֆուտբոլիստ է և իրեն վատ չդրսևորեց այդ լիգայում»:
Իր հերթին՝ «Ռեալ Սոլթ-Լեյքի» ներկայացուցիչը երեկ նշել է, որ Եվրոպա տեղափոխվելուց առաջ Մովսիսյանին պայմանագիր է առաջարկվել, որը նա մերժել է: Մինչև հիմա այդ ակումբը պահպանում է Մովսիսյանի իրավունքները MLS-ում: