Հայաստանի սուսերամարտի երիտասարդական առաջնություն
Հունվարի 28-ին Հայոց բանակի օրվա առթիվ Նորագավիթի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ Հայաստանի սուսերամարտի երիտասարդական առաջնությունը: Մրցաշարի բացմանը ներկա էին Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը, փոխնախագահ Սամվել Մեհրաբյանը և այլ հարգարժան հյուրեր: Ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը շնորհավորեց մրցումների մասնակիցներին Հայոց բանակի 23-րդ ամյակի և մրցումների բացման օրվա առթիվ՝ մաղթելով նրանց նորանոր հաղթանակներ, նշելով, որ մրցումների արդյունքներով կձևավորվեն հավաքական թիմերը, որոնք էլ կմասնակցեն փետրվարին Սլովենիայի Մարիբոր քաղաքում կայանալիք Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնություններին: Այս մասին հայտնում է ՀՀ սուսերամարտի ֆեդերացիան:
Մրցումների առաջին օրը մարտուղյակ դուրս եկան խոցասուսերակիր աղջիկները և տղաները:
Խոցասուսերակիր տղաների պայքարում մրցանակային տեղերն զբաղեցրեցին Նորագավիթի «Հայաստան» մարզական միության սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցը ներկայացնող մարզիկները: 1-ին տեղը գրավեց միջազգային մրցաշարի հաղթող Էդվարդ Հովիկյանը, 2-րդ տեղը՝ Արթուր Քոչարյանը, իսկ 3-րդ տեղը կիսեցին Ավետիս Ծերունյանը և Արսեն Արազյանը:
Խոցասուսերակիր աղջիկների պայքարում 1-ին տեղը գրավեց Նորագավիթի «Հայաստան» մարզական միության սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցը ներկայացնող Լիլիթ Էվոյանը, 2-րդ տեղն զբաղեցրեց «Քեթրին» ակումբը ներկայացնող Էմմա Պողոսովան, 3-րդ տեղը կիսեցին «Քեթրին » ակումբը ներկայացնող Սվետլանա Նազարյանը և Արաբկիրի Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցը ներկայացնող Յանա Յեղոյանցը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին