Հայ հրաձիգները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
Մարտի 2-8-ը Հոլանդիայի Առնեմ քաղաքում տեղի կունենա հրաձգության Եվրոպայի առաջնությունը` 10 մ հեռավորությունից՝ հրացան, ատրճանակ, վազող թիրախ զինատեսակներից: Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 43 երկրի 521 մարզիկ, որից 11-ը՝ Հայաստանից: Հայ մարզիկները կմասնակցեն հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ: Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան:
Այսօր՝ մարտի 2-ին մրցաշարին մասնակցելու է մեկնել Հայաստանի հրաձգության հավաքականը: Նման մեծ կազմով մեր երկիրը հետխորհրդային շրջանում ներկայացված է եղել 2013 թ. Դանիայում կայացած Եվրոպայի առաջնությունում:
Թիմի կազմը հիմնականում մնացել է նույնը, սակայն փոխվել են որակական հատկանիշները: Հայաստանի հավաքականը կազմված է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի և Հրաձգության հանրապետական մարզադպրոցի սաներից: Երիտասարդ Հրաչիկ Բաբայանը մրցմանը կմասնակցի մեծահասակների պայքարում՝ նախապատրաստվելու համար Բաքվում կայանալիք պատմության մեջ առաջին Եվրոպական խաղերին: Թիմում նորեկ է տակավին պատանի 12-ամյա Հայկ Բաբայանը՝ Հրաչիկ Բաբայանի կրտսեր եղբայրը: Եվրոպայի առաջնությունը նրա երկրորդ արտագնա ստուգատեսն է: Մարզիկներից յուրաքանչյուրը կմասնակցի մեկ վարժության, իսկ վազող թիրախ ձևի մարզիկները կմասնակցեն երկուսի՝ խառը և նորմալ վազք մրցաձևերին:
Մարտի 3-ին տեղի կունենա բացման արարողությունը և որոշ պաշտոնական արարողություններ, իսկ հաջորդ օրը կմեկնարկեն մրցելույթները: Մրցման առաջին օրը կմրցեն Լիլիթ Մկրտչյանը, Ռազմիկ Մինասյանը, Շանթ Սարգսյանը, Արթուր Պետրոսյանը, Զավեն Իգիթյանն ու Մարիամ Միքայելյանը: