Արման Երեմյանը՝ արծաթե մեդալակիր
Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի մարզիկներից առաջինը երևանցի Արման Երեմյանը դարձավ Եվրոպայի առաջնության մեդալակիր: Նալչիկում անցկացված թաեքվոնդոյի հին աշխարհամասի առաջնությունում 80 կգ քաշայինների պայքարում մարզաձևի մեր առաջատար վարպետը հաջորդաբար հաղթեց նորվեգացի բարձրահասակ Ռիչարդ Օդերմանին (8:2 հաշվով), ռուսաստանցիներ Լոմ Ալիին (5:2), Սաիդ Ուստաևին (2:2, ոսկե միավորով) և մտավ եզրափակիչ:
Կանոնակարգի համաձայն՝ Արմանը ներկայացավ մրցագորգ, մի քանի վայրկյան աշխատեց, ապա համապատասխան ժեստով հրաժարվեց շարունակել մենամարտը: Բանն այն է, որ դեռևս երկրորդ մենամարտում նա վնասել էր ծունկը, որն այտուցվել և ուժեղ ցավ էր պատճառում մարզիկին: ՀԱՕԿ-ի լրատվության բաժնի թղթակցի հետ հեռախոսազրույցում Արմանն ասել է, որ այդ ամենով հանդերձ՝ պատրաստ էր շարունակել մենամարտը և վերադարձնել Եվրոպայի չեմպիոնի իր նախկին կոչումը:
Բայց մարզիչների հետ որոշեց ռիսկի չդիմել, չխորացնել վնասվածքը, քանզի ուղիղ 40 օր հետո՝ մայիսի 12-ին պետք է ելնի Չելյաբինսկում մեկնարկելիք աշխարհի առաջնության մրցաբեմ: Այնտեղ կորոշվեն մրցանակակիրները, բացի այդ, կխաղարկվեն օլիմպիական խաղերի ուղեգրերն ու արժեքավոր վարկանշային բարձր միավորները:
Արման Երեմյանը, փաստորեն, հրաժարվեց ոսկե մեդալը վիճարկելուց: Որոշումը. իհարկե, ճիշտ էր: Բայց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը, նվաճած արծաթե մեդալը նույնպես պատվաբեր է, ու այդ առթիվ շնորհավորում ենք մեր լավագույն թաեքվոնդոյիստին ու նրանից լուրջ նվաճում ակնկալում աշխարհի առաջնությունում: