Արթուր Դավթյանը բարդ խնդիր է լուծում
Երևանցի մարմնամարզիկ Արթուր Դավթյանը շարունակաբար հղկում է իր վարպետությունը: Դոհայում ավարտված աշխարհի գավաթի խաղարկության վերջին օրը մեր շնորհալի մարզիկը հենացատկերի եզրափակչում կատարեց «Ցուկահարա» 940 աստիճան պարույրաձև պտույտներ ցատկը, վաստակեց 15,025 միավոր, վստահորեն գրավեց առաջին տեղը և պարգևատրվեց հաղթողի ոսկե մեդալով: Հիշեցնենք, որ Արթուրը երրորդն էր ճանաչվել նաև նժույգթափերում: Հայաստանի բոլոր չորս մարմնամարզիկները գերազանցեցին սպասելիքները, արժանացան երկու ոսկե, մեկական արծաթե և բրոնզե մեդալի: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Մրցավարտից հետո Հայաստանի թիմը մնաց Դոհայում: Քաթարի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ նախկին չեմպիոն, երևանցի Էդվարդ Գևորգյանի աջակցությամբ մեր տղաները գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ տեղում տասնօրյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն: Անհատական առաջադրանք բոլորն ունեն: Դժվարին խնդիր պետք է լուծի Արթուր Դավթյանը: Նա մարզումների ժամանակ քանիցս կատարել է «Ցուկահարա» ցատկի բարդագույն տեսակը, որով 940 աստիճանը հասցրել է 1080 աստիճանի: Ասել կուզենք, որ հայ մարզիկը 2,5-ի փոխարեն կատարում է երեք պտույտ և սա պետք է ներկայացնի ապրիլի 11-ին Ֆրանսիայի Մոնպելյեում կայանալիք Եվրոպայի անհատական առաջնությունում: Մինչ այդ՝ ապրիլի ութին, թիմը կվերադառնա Երևան:
Քաթարյան մրցաշարին մասնակցած քառյակին կմիանան նաև Վիգեն Խաչատրյանը, Արմեն Պետրոսյանը, և վեց հոգանոց հավաքականը մարտական տրամադրությամբ կմեկնի եվրոպական ստուգատես:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում