Բիշովեց. «Ինձ ցնցեց Խորեն Հովհաննիսյանի չխամրող վարպետությունը»
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անատոլի Բիշովեցը կիսվել է հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված աշխարհի ու ԽՍՀՄ նախկին հավաքականների խաղից ստացած տպավորություններով: Խաղում, որը կայացավ մարտի 28-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում, Բիշովեցը ԽՍՀՄ հավաքականի գլխավոր մարզիչն էր:
«Ես հրավիրվել էի աստղերի խաղին, որը նվիրված էր հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին: Ինձ հաջողվեց հանդիպել անցյալում հայտնի շատ ֆուտբոլիստների հետ և կրկին լինել այդ մթնոլորտում: Ամենագլխավորն այն է, որ ֆուտբոլային խաղադաշտում նույնպես եռում էին կրքերը: Վերջնահաշիվը՝ 3:3, խոսում է այն մասին, որ պայքարն ընթացել է մինչև վերջ: Հովհաննիսյանը երկրորդ խաղակեսի վերջում մոտեցավ ինձ ու շատ անկեղծորեն ցավում էր, որ մրցավարը ժամանակ է ավելացրել: Զարմանալի է, երբ մարզիկի մեջ դեռ ապրում է հաղթելու ցանկությունը:
Մրցակիցները շատ լավ տպավորություն թողեցին: Դե, իհարկե, ցնցեց Խորեն Հովհաննիսյանի չխամրող վարպետությունը: Ես իսկական ուրախություն ապրեցի, որ չպարտվեցինք աշխարհի հավաքականին: Պետք է ասեմ, որ այս խաղն ինձ համար ամենաբարդն էր իմ մարզչական կարիերայում: Ստիպված էի շատ մտածել՝ թիմը հավասարակշռելու համար:
Ուզում եմ ամենաբարի խոսքերն ասել խաղի կազմակերպիչների հասցեին: Ցանկանում եմ հատկապես երախտագիտությունս հայտնել Արթուր Սողոմոնյանին, ում շնորհիվ այս գաղափարն իրականություն դարձավ: Սողոմոնյանն իսկական տոն ստեղծեց երկրպագուների ու նրանց երեխաների համար»,- Բիշովեցի խոսքերը մեջբերել է championat.com-ը: