Սանտի Կասորլա. «Աշխարհի առաջնությունում հոլանդացիներից կրած պարտության մասին չենք մտածում»
Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Սանտի Կասորլան Հոլանդիայի ընտրանու հետ ընկերական խաղից առաջ շեշտել է, որ թիմում ոչ ոք չի մտածում աշխարհի առաջնությունում հոլանդացիներից կրած ջախջախիչ պարտության մասին:
Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ առաջիկա հանդիպման ընկերական բնույթը չի նվազեցնում նրա նշանակությունը:
«Հոլանդիայի հավաքականը գերազանց թիմ է,- Կասորլայի խոսքերը մեջբերել է AS-ը:- Մեզ ծանր խաղ է սպասվում: Ցանկացած հանդիպում կարևոր է, անկախ այն բանից` ընկերակա՞ն է, թե՞ պաշտոնական: Աշխարհի առաջնությունում հոլանդացիները հաղթեցին մեզ, սակայն մենք այդ մասին չենք մտածում: Հնարավոր է` ժամանակ է պետք, որպեսզի նորեկներն ընդգրկվեն կազմում: Սակայն թիմում բոլորը վստահ են, որ կարող են լուծել իրենց առջև դրված խնդիրները: Ինձ համար ամենագլխավորը հարազատ երկիրը ներկայացնելու հննարավորությունն է: Ես միշտ լիարժեք կնվիրվեմ, երբ կրեմ հավաքականի մարզաշապիկը»: