Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականը՝ բրոնզե մեդալակիր
Ծաղկաձորում ավարտվեց տղամարդկանց շախմատի աշխարհի թիմային առաջնությունը : Վերջին՝ 9-րդ փուլում տանտերերը հանդիպեցին եգիպտացիների հետ և հաղթեցին 2,5:1,5 հաշվով: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Մրցաշարում մեր հավաքականը իր հաշվին գրանցեց հինգ հաղթանակ, երեք պարտություն, մեկ ոչ-ոքի, վաստակեց 11 միավոր, գրավեց երրորդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի:
Արշակ Պետրոսյանն իր ղեկավարած հավաքականում ընդգրկել էր Լևոն Արոնյանին, Գաբրիել Սարգսյանին, Սերգեյ Մովսիսյանին, Վլադիմիր Հակոբյանին և Հրանտ Մելքումյանին:
Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Չինաստանի (15 միավոր), փոխչեմպիոնինը` Ուկրաինայի հավաքականը (12 միավոր):
Ծաղկաձորյան մրցաշարին զուգահեռ Չինաստանի Չենդու քաղաքում անցկացվեց կանանց շախմատի աշխարհի թիմային առաջնությունը:
Հայաստանի թիմը Արթուր Չիբուխչյանի ղեկավարությամբ հանդես եկավ հետևյալ կազմով` Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Սուսաննա Գաբոյան: Նրանք վաստակեցին 7 միավոր և զբաղեցրեցին մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: Առաջին եռյակը դասավորվեց հետևյալ հաջորդականությամբ՝ Վրաստան (17 միավոր), Ռուսաստան (15), Չինաստան (11):