Վենգերն աջակցել է Ժիրուին
Լոնդոնյան «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Օլիվյե Ժիրուի ու Տյերի Անրիի բանավեճում հանդես է եկել իր ներկայիս սանի պաշտպանության դիրքերից: Անրին հայտարարել է, որ «Արսենալի» հարձակվողն ի վիճակի չէ թիմին կոչման հասցնել, որին Օլիվյեն պատասխանել է, որ իր հայրենակիցը ձանձրալի բաներ է խոսում:
«Ոչ ոք չի կարող միայնակ հաղթել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Օլիվյե Ժիրուն մեր թիմի մասնիկն է և շատ լավ է կատարում իր աշխատանքը: Նա օգտակար խաղացող է: Մեկնարկային կազմում անցկացրած 20 խաղում խփել է 14 գոլ, սակայն ի վիճակի չէ միայնակ կոչում ապահովել, և դա ակնհայտ է:
Եթե հարձակվողը մի շարք պահեր չի իրացնում, նման խոսակցություններ են սկսվում: Այդպես բոլորի հետ է լինում: Նրանց հաճախ քննադատում են, սակայն շատ մեծ տարբերություն կա «այսօր նա վատ խաղաց» և «նա ընդհանրապես չի համապատասխանում այդ մակարդակին» արտահայտությունների միջև:
Բարձր մակարդակի ֆուտբոլիստները միշտ խոստովանում են, որ որոշակի խաղերում իրենց վատ են դրսևորել: Ես տեսնում են, որ թիմի համար Ժիրուի խաղը շատ օգտակար է: Ինչ վերաբերում է չեմպիոնությանը, ապա պետք է ասեմ, որ նա մեկն է նրանցից, ովքեր Ֆրանսիայում «Մոնպելյեին» հասցրեցին չեմպիոնության, մի մոռացեք դա»,- Վենգերի խոսքերը մեջբերել է ESPN-ը: