Մհեր Մկրտչյանը՝ բացարձակ չեմպիոն
Հայաստանի խճուղային հեծանվավազքի առաջնությունում հայտավորված էր տարիքային երեք խումբ ներկայացնող 67 մարզիկ: Ծրագրում ընդգրկված էր երեք մրցաձև:
Էջմիածին-Արմավիր մայրուղում անցկացվեցին 25 կիլոմետր ձգվող անջատ մեկնարկով տղամարդկանց, երիտասարդների և 10 կմ` պատանիների մրցումները:
Ավագների պայքարում երկրի չեմպիոն դարձավ աշխարհի 2012 թ. երիտասարդների առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր Մհեր Մկրտչյանը: Երիտասարդներից հաղթեց աշխարհի անցյալ տարվա պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր Էդգար Ստեփանյանը, իսկ պատանեկանում` Ռոբերտ Խաչատրյանը: Այս մասին մեր թղթակցին հայտնեցին ՀԱՕԿ-ի լրատվության բաժնից:
115 կմ ձգվող խմբային-օղակաձև մրցավազքն անցկացվեց Արզնիում (մեկ շրջանը կազմում էր 11,8 կմ): Այս փուլում նույնպես առաջատարը Մհեր Մկրտչյանն էր: Երիտասարդներից իրեն հավասարը չունեցավ Պավել Ստեփանյանը, պատանիներից` Ռոբերտ Խաչատրյանը:
Առաջնությունում բացարձակ չեմպիոնի կոչումը նվաճեց Մհեր Մկրտչյանը, քանզի նա լավագույնն էր նաև անհատական մեկնարկով լեռնային մրցաձևում: Պայքարն ընթացավ Երևան-Սևան խճուղու վերելք տանող ոլորաններում: Երիտասարդներից հաղթեց Էդգար Ստեփանյանը, իսկ պատանիների պայքարում լավագույնն էր Լևոն Լավչյանը: Վերջինս «Հայաստան» մարզական միության սան է: Մյուս բոլոր հաղթողները ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ՕՀ մասնագիտացված մարզադպրոցի ներկայացուցիչներ են: Ավելին՝ նրանց բաժին հասավ խաղարկված 27 մեդալից 20-ը, իսկ 9-ը հաղթողներից ութը դարձյալ այդ դպրոցի աշակերտներն են:
ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորգ Գյոզալյանը զրույցի ժամանակ ասաց, որ այդ մարզադպրոցի սաներն ավանդաբար առաջատար են մեր ներքին մրցումներում: Դա բացատրվում է այդ մարզօջախի մարզիչների, տեխնիկան սպասարկող անձնակազմի լավ աշխատանքով: Հաճելի է և այն, որ նշած մարզադպրոցն ընդամենը մեկ տարի ղեկավարող ԽՍՀՄ սպորտի վարպետ Մարտին Շարբաթյանն անմիջապես մերվեց կոլեկտիվին և շարունակում է իր նախորդների ստեղծած լավ ավանդույթները:
ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանն այսօր` մայիսի 25-ին, Մոսկվա` միջազգային մրցաշարի տարավ միջազգային կարգի սպորտի վարպետ Էդգար Ստեփանյանին և սպորտի վարպետ Պավել Ստեփանյանին: Իսկ նորանշանակ Վարշամ Դարբինյանը վաղը Իրան` միջազգային բազմօրյայի կուղեկցի հավաքականին: