Վենգեր. «Ուոլկոտին ժամանակ էր պետք»
Լոնդոնյան «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գոհ է Թեո Ուոլկոտի խաղից «Վեստ Բրոմվիչի» հետ հանդիպման (4:1) ընթացքում: Հիշեցնենք, որ երկար ժամանակ անց Թեոն առաջին անգամ ընդգրկվեց թիմի մեկնարկային կազմում և հեթ-տրիկ ձևակերպեց:
«Նա կարողանում է գոլեր խփել, բայց մի ամբողջ տարի խաղից դուրս էր մնացել,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերել է «Արսենալի» պաշտոնական կայքը:- Ֆուտբոլում տարին երկար ժամանակահատված է: Ավելի շատ ժամանակ է պահանջվում՝ խաղային որակներն ու վստահությունը վերագտնելու համար:
Նույնպիսի իրավիճակ է նաև Ջեկ Ուիլշիրի պարագայում: Նա կես տարի չխաղաց և միայն հիմա է վերադառնում: Առաջին խաղակեսում նա շատ համոզիչ էր գործում:
Թեոն սուր էր գործում նաև «Սանդերլենդի» հետ խաղում: Նա մեկն էր նրանցից, ովքեր գոլային հնարավորություններ էին ստեղծում: Միշտ ասել եմ, որ Ուոլկոտը կարող է գործել հարձակման սուր ծայրում, որովհետև լավ է շարժվում ու եզրափակում գրոհները»: