Դրոգբան չի շտապում ավարտել կարիերան
37-ամյա Դիդյե Դրոգբան չի պատրաստվում խաղակոշիկները կախել մեխից և նոր թիմ է փնտրում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ նա ամռանը կհեռանա «Չելսիից», սակայն չի շտապում հայտարարել կարիերան ավարտելու մասին: Ավելին՝ ինքը՝ Դրոգբան, խոսում է այնպիսի թիմ տեղափոխվելու ցանկության մասին, որում խաղային մշտական փորձ կունենա:
«Ես մի քանի օր ունեմ, մի քանի շաբաթ, ահա և կմտածեմ, թե ինչն է ինձ համար հիմա ամենալավը,- Դրոգբայի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Միակ բանը, որ հիմա ուզում եմ, խաղալն է:
Հաջորդ մրցաշրջանում կուզեի ավելի շատ խաղային ժամանակ ունենալ, քան ստանում էի «Չելսիում»: Կուզեի խաղալ, իսկ վերջում ասել, որ այլևս չեմ կարող: Սակայն այդպիսի զգացում ես դեռ չունեմ»: