Հերթական խորհրդակցությունը՝ Համահայկական խաղերին ընդառաջ
Մայիսի 27-ին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն` Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզպետների և այդ մարզերի՝ Համահայկական խաղերին մասնակցող քաղաքների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են նույն կոմիտեի մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր:
Ի. Զաքարյանը տեղեկացրել է, որ Համահայկական 6-րդ ամառային խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-13-ը: Կոմիտեի նախագահը նշել է, որ այս տարի դրանք աննախադեպ կլինեն թե՛ մասնակիցների քանակով, թե՛ քաղաքների աշխարհագրությամբ: Խաղերը կանցկացվեն ՀՀ մայրաքաղաք Երևանում, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, Աբովյանում, Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում:
Քանի որ Արտաշատը և Աբովյանն այս տարի նաև հյուրընկալող քաղաքներ են, Իշխան Զաքարյանը հանձնարարել է մինչև խաղերի մեկնարկը կարգի բերել քաղաքների մարզադահլիճները և ապահովվել քաղաքների տոնական տեսքը:
Անդրադառնալով Համահայկական խաղերի ջահի վառման արարողությանը՝ կոմիտեի նախագահն ասել է, որ այն լինելու է հատուկ տոնակատարություն: Ջահի դիմավորման արարողություն կլինի Սարդարապատում: Այն, անցնելով Հայաստանի մարզերով և արտերկրի հայաշատ քաղաքներով, հայրապետական օրհնանք կստանա Ս. Էջմիածնում և օգոստոսի 2-ին կմտնի համայն հայության մայրաքաղաք Երևան: