Ինչո՞ւ են ամերիկյան իրավապահ մարմիններն այդքան ակտիվ
Շվեյցարական դատախազությունը մի քանի հայտարարություններով ճշտել է, թե ինչի հետ է կապված ամերիկյան իրավապահ մարմինների ու արդարադատության նախարարության ակտիվությունը ՖԻՖԱ-ում կոռուպցիայի գործում:
Բոլոր կազմակերպությունների՝ ընդդեմ ՖԻՖԱ-ի աշխատանքը բաժանված է երկու մասի՝ տարբեր համաձայնագրերի ստորագրման գործում կոռուպցիայի հետաքննություն և «ԱԱ-2018»-ի ու «ԱԱ-2022»-ի անցկացման վայրերի ընտրությունների հանգամանքների հետաքննություն:
Ամերիկյան մարմիններն զբաղված են առաջին մասի հետաքննությամբ, որը վերաբերում է մարքետինգային ու հեռուստաիրավունքների վաճառքին, ինչպես նաև հովանավորչական պայմանագրերին՝ կապված այն մրցաշարերի հետ, որոնք անցկացվել են ԱՄՆ-ում ու Լատինական Ամերիկայում:
Կաշառքի ընդհանուր գումարը, որն այդ սխեմայով ստացել են ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները, գերազանցում է 100 մլն դոլարի սահմանագիծը:
«Այդ հանցագործությունները քննարկվել, համաձայնեցվել ու նախապատրաստվել են ԱՄՆ-ի տարածքում: Շատ վճարումներ նույնպես իրականացվել են ամերիկյան բանկերի միջոցով»,- նշված է հայտարարության մեջ:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը, իր հերթին, օգնում է իրավապահ մարմիններին հետաքննության այն մասերի մեջ, որոնցում անհրաժեշտ է համագործակցել արտասահմանյան կառույցների հետ: Մասնավորապես՝ դա վերաբերում է տարբեր հարցումներին ու կասկածյալների տեղափոխության գործընթացին:
Իսկ ահա հետաքննության երկրորդ մասը, որը վերաբերում է «ԱԱ-2018»-ի և «ԱԱ-2022»-ի անցկացման վայրերի ընտրություններին, իրականացնում է շվեյցարական դատախազությունը: