Ֆեդյա Ալեքսանյան. «Առաջնությունը բացահայտեց հեռանկարային մարզիկների»
Այսօր Երևանում ավարտվեց Հայաստանի բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների առաջնությունը: Մրցաշարը տևեց 5 օր և ի հայտ բերեց մեծ թվով խոստումնալից մարզիկների, ովքեր համապատասխան աշխատանքի դեպքում վաղը կլրացնեն մեր անվանի բռնցքամարտիկների շարքերը: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ վաստակավոր մարզիչ, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ավագ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը:
«Իսկապես, առաջնությունը մեծ թվով խոստումնալից բռնցքամարտիկների բացահայտեց, ինչը միայն ուրախացնում է: Մասնակիցներ կային երկրի գրեթե բոլոր մարզերից ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Ուշագրավ է, որ տարբեր քաշային կարգերում չեմպիոններ են դարձել տարբեր մարզերի ներկայացուցիչներ, և սա վկայում է այն մասին, որ բռնցքամարտի զարգացումն այսօր չի սահմանափակվում միայն Երևան քաղաքով: Մրցակցությունն զգալիորեն ավելացել է և նպաստում է մարզիկների կատարելագործմանը:
Այդուհանդերձ, զգացվում էր, որ որոշ քաշային կարգերում հավասարը չունեն Վլադիմիր Ենգիբարյանի անվան դպրոցի և օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սաները:
Ձեր ուշադրությունն եմ ուզում բևեռել երկու մարզիկների՝ 38,5 քաշային Ավագ Նազարյանի ու +76 կգ քաշային Սարգիս Պողոսյանի վրա: Ավագը շատ ճկուն է, տեխնիկապես զարգացած ու իր տարիքին ոչ համապատասխան հասուն հնարքներ, սուզումներ է կիրառում: Արագաշարժ է, և ես հույս ունեմ, որ մարզիչները կշարունակեն զարգացնել նրա որակները: Իսկ ահա Սարգիսը մոտ անցյալի նշանավոր գերծանրքաշային, միջազգային կարգի սպորտի վարպետ Ատոմ Պողոսյանի որդին է և որոշել է գնալ հոր հետքերով: Ֆիզիկապես շատ լավ է պատրաստված, մնում է, որ մարզիչներն առավել կատարելագործեն նրա տեխնիկական որակները»,- նշեց Ֆեդյա Ալեքսանյանը:
Ստորև ներկայացնում ենք 18 քաշային կարգում հաղթած մարզիկներին:
38,5 կգ- Ավագ Նազարյան Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ
40 կգ-Սարգիս Սարգսյան, Լոռի
41,5 կգ-Արթուր Շախպազյան, Լոռի
43 կգ-Վահագ Մանուկյան, Երևան, «Դինամո»
44,5 կգ-Ռաֆայել Հակոբյան, Արմավիր (Էջմիածին)
46 կգ-Արթուր Խաչատրյան, Գեղարքունիք
48- Արմեն Ալոյան, Երևան, ՀՄՄ
50 կգ-Արարատ Հարությունյան, Շիրակ
52 կգ-Գուրգեն Կակոյան, Գեղարքունիք
54 կգ-Ռազմիկ Սարգսյան, Արմավիր (Էջմիածին)
56-Կարեն Ստեփանյան, Լոռի
59 կգ-Արտաշ Մանուկյան, Շիրակ
62 կգ-Կարեն Հակոբյան, Երևան, Վլադիմիր Ենգիբարյանի անվան դպրոց
65 կգ-Երվանդ Իսկանդարյան, Շիրակ
68 կգ-Սամվել Սուվարյան, Երևան, Վլադիմիր Ենգիբարյանի անվան դպրոց
72 կգ-Գեղամ Հովհաննիսյան, Երևան, Վլադիմիր Ենգիբարյանի անվան դպրոց
76 կգ-Ռոման Խաչատրյան, Երևան, Վլադիմիր Ենգիբարյանի անվան դպրոց
+76 կգ Սարգիս Պողոսյան, Երևան, «Դինամո»