Քրիշտիանու Ռոնալդուն կրկին ուզում է հեռանալ «Ռեալից»
«Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին կրկին «այցելել» է թիմից հեռանալու ցանկությունը: Ինչպես տեղեկացնում է «Don Balon»-ը, պատճառներից մեկն այն է, որ «Ռեալից» հեռացել է գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին, ում արդյունքներից ակումբի ղեկավարությունը դժգոհ էր: 30-ամյա պորտուգալացին դժգոհ է նաև մադրիդյան երկրպագուների հետ փոխհարաբերություններից, ովքեր ժամանակ առ ժամանակ սուլում են ու քննադատում նրան:
Հայտնի է նաև, որ խաղերից մեկից հետո հարձակվողը կապվել է իր գործակալ Խորխե Մենդեսի հետ ու խնդրել գնահատել իր՝ այլ ակումբ տեղափոխվելու հնարավորությունը: Քիչ ուշ գործակալն սկսել է աշխատանքներ իրականացնել՝ կապված «Մանչեսթեր Յունայթեդ» կամ ՊՍԺ տեղափոխության հետ:
Այս մրցաշրջանում Ռոնալդուն «Ռեալի» կազմում 47 հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում ու Չեմպիոնների լիգայում, խփել 58 գոլ և կատարել 20 գոլային փոխանցում: