ՈՒԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի հետ համագործակցության մասին որոշում կկայացնի հունիսի 6-ին
ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին նշել է, որ ՖԻՖԱ-ի հետ համագործակցության վերաբերյալ որոշումը կազմակերպությունը կկայացնի հունիսի 6-ին: Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալից հետո հանդես է եկել համաշխարհային ֆուտբոլային գերատեսչության ղեկավարի պաշտոնում Յոզեֆ Բլատտերի վերընտրության դեմ, սակայն շվեյցարացին հաղթել է ընտրություններում: Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ի որոշ անդամներ սպառնալիքներ են հնչեցրել այն դեպքի համար, եթե Բլատտերը պահպանի իր պաշտոնը:
«Ես ներկայացնում եմ ՈՒԵՖԱ-ն, և մենք բոլորս կհանդիպենք հունիսի 6-ին, Բեռլինում՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչի առիթով,- Պլատինիի խոսքերը մեջբերել է «L’Equipe»-ը:- Այնտեղ կքննարկենք ողջ իրավիճակը և կտեսնենք, թե ինչ կարելի է անել: Ես միանգամայն հանգիստ եմ: Ժամանակին որոշում կկայացնենք: Ինչ վերաբերում է ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին, ապա մեր կազմակերպությունն աջակցում էր Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնին: Նա վաստակեց 73 ձայն, և դա այնքան էլ վատ չէ»: